Մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա կորոնավիրուսի հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա»։