Ադրբեջանի հակաժողովրդավարական ընտրությունները, ՌԴ տարօրինակ արձագանքը և Հայաստանի շահերը

Ադրբեջանի հակաժողովրդավարական ընտրությունները, ՌԴ տարօրինակ արձագանքը և Հայաստանի շահերը

Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով և չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։ Խախտումների և ոչ մրցակցային պայմանների մասին ադրբեջանցի ընդդիմադիրների և միջազգային դիտորդների հնչեցրած ահազանգերի ֆոնին, սակայն, բավական տարօրինակ է թվում Ռուսաստանի արձագանքը։

Ընտրությունները

Ադրբեջանում սկսված կադրային փոփոխությունների համատեքստում անցած տարվա դեկտեմբերի սկզբին այդ երկրի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի պատգամավորները քվեարկեցին օրենսդիր մարմինը լուծարելու օգտին։ Ընդ որում, խորհրդարանը լուծարելու նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։ Պաշտոնական հիմնավորմամբ՝ իշխող կուսակցության պատգամավորները չէին համապատասխանում երկրի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումներին, քանի որ Ադրբեջանին պետք են ավելի երիտասարդ, լեզուների տիրապետող և ստեղծագործ քաղաքական գործիչներ։

Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին փետրվարի 9-ին, որոնց առաջադրվեցին ռեկորդային մեծ թվով թեկնածուներ՝ 1314 հոգի՝ շուրջ 20 կուսակցություններից (թեկնածուների մեծ մասը, սակայն՝ 1057-ը, եղել են ինքնաառաջադրված անկախ թեկնածուներ)։

Ընտրությունների նախնական արդյունքներով ադրբեջանական խորհրդարանի 125 մանդատներից 71-ը բաժին է հասել «Ենի Ազերբայջանին», մեծ թվով տեղեր են ստացել նաև իշխանություններին հավատարիմ անկախ թեկնածուները, իսկ Միլի Մեջլիսում տեղ ունենալու համար անհրաժեշտ ձայներ են հավաքել ընդամենը երկու ընդդիմադիր գործիչներ։

Արևմուտքի արձագանքը

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին հայտնել են ինչպես ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, այնպես էլ մի շարք դիտորդական առաքելություններ։

Մասնավորապես, ըստ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), որը միջազգային դիտորդության ահռելի փորձ ունի, ընտրություններն անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովի խոսքով՝ ընտրողները չեն ունեցել ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների, թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չի եղել իրական մրցակցություն։ Նույնաբովանդակ գնահատականներով են հանդես եկել նաև ԵԽԽՎ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների դիտորդական առաքելությունների ղեկավարները՝ նշելով, որ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունները կիսելու մասին է հայտարարել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ շեշտելով, որ ընտրությունները տեղի են ունեցել մամուլի և հավաքների ազատության սահմանափակումներով։

«Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի» (EPDE) գնահատականով էլ ընտրություններն անց են կացվել համատարած խախտումներով։ Ըստ EPDE-ի, այս ընտրություններին տեղ են գտել նույնպիսի խախտումներ, ինչպիսին նախորդ ընտրությունների ժամանակ՝ բազմակի քվեարկություններ, քվեատուփերի լցոնումներ և առանց գրանցման քվեարկություններ։ Բացի սա, EPDE-ն ահազանգում է ընտրություններին մասնակցող թեկնածուների և դիտորդների նկատմամբ ֆիզիկական բռնության և ճնշումների մասին։

Ընդհանուր առմամբ՝ վերոնշյալի մասին են վկայում ադրբեջանական ընտրատեղամասերում արված բազմաթիվ տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպիսի ճնշումներ են կիրառվել դիտորդների նկատմամբ։

Ռուսաստանի արձագանքը

Փետրվարի 10-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ԵԱՀԿ/ԺՄԻԳ, ինչպես նաև ԵԱՀԿ և ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովների գնահատականները համարել է կողմնակալ, սուբյեկտիվ և իրականությանը չհամապատասխանող։

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում շեշտվում է, որ համաձայն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդական առաքելությունների գնահատականի, ընտրությունները տեղի են ունեցել Ադրբեջանի օրենսդրության համաձայն, և քաղաքացիների ընտրական իրավունքի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ 

Այսինքն, վերոնշյալ հայտարարությամբ, Ռուսաստանը, փաստացի, ընտրությունների մշտադիտարկում իրականացնող հեղինակավոր կառույցներին մեղադրել է սուբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու մեջ և կասկածի տակ դրել նրանց կողմնակալությունը։

Սրա պատճառներից մեկը, թերևս, այն է, որ ժողովրդավարական ճգնաժամ ապրող Ռուսաստանում առաջիկայում սպասվում են համադաշնային քվեարկություններ։ Նախ՝ ապրիլին այդ երկրի քաղաքացիները պետք է մասնակցեն երկրի կառավարման համակարգը ձևափոխող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, իսկ հաջորդ տարի սպասվում են խորհրդարանական ընտրություններ։

Կասկածներ հայտնելով Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ արևմտյան դիտորդների գնահատականների կապակցությամբ՝ Ռուսաստանը, փաստացի, նախադեպ է ստեղծում իր քվեարկությունների վերաբերյալ միջազգային կարծիքները հակադարձելու համար։

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանում իբր նորմալ ընտրությունների մասին Ռուսաստանի հայտարարությունը բավական զգալի հարված է նաև Հայաստանի շահերի համար։ Տարիներ շարունակ միջազգային հանրության առջև Հայաստանի համար բավական ուժեղ խաղաքարտ է եղել այն օբյեկտիվ թեզը, որ ժողովրդավար Արցախը չի կարող մաս կազմել հակաժողովրդավարական Ադրբեջանի։

Ադրբեջանի վերաբերյալ արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները մշտապես հաստատել են Հայաստանի այդ մտավախությունները և հիմնավորումները, սակայն Ռուսաստանը ներկայում, փաստացի, միջազգային հանրության գոնե մի փոքր հատվածի համար կասկածի տակ է դնում Ադրբեջանի հակաժողովրդավարական լինելը։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

UIC.am