ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 23-ին հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտներում անցկացնել ստուգումներ։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Իրանը լիովին համաձայնել է ամենաբարձր մակարդակի միջուկային ստուգումների՝ առաջիկա տարիների ընթացքում։ Սա կապահովի միջուկային ծրագրի թափանցիկությունը։ Եթե նրանք չհամաձայնվեին, հետագա բանակցություններ չէին լինի»,- նշել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի կողմից կատարված այս քայլերի արդյունքում համաձայնել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։
«Այնուամենայնիվ, բոլոր նավերը մնում են իրենց տեղերում, եթե շրջափակումը կրկին անհրաժեշտ դառնա, թեև այս պահին դա չափազանց անհավանական է թվում»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն վերահսկելու է պատժամիջոցների վերացման և Իրանին միջոցների տրամադրման գործընթացը, իսկ հատկացվող միջոցները կուղղվեն բացառապես ամերիկյան արտադրության գյուղատնտեսական և բժշկական ապրանքների գնմանը։ Նրա խոսքով՝ Իրանը նախատեսում է ձեռք բերել եգիպտացորեն, ցորեն և սոյա։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանը կանգնած է հումանիտար խնդիրների առջև և օգնության կարիք ունի, ինչպես նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները «լավ են ընթանում»։
Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հայտարարել էր, որ Թեհրանը թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին այցելել երկրի միջուկային օբյեկտներ՝ դա որակելով որպես կարևոր ձեռքբերում։
Սակայն հունիսի 23-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև դեռևս որևէ համաձայնություն չկա իրանական միջուկային օբյեկտներում տեսուչների աշխատանքի վերականգնման վերաբերյալ։



















