«Արցախը պատրաստ է հակամարտության լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում»․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Երեկ, 15.02.2020թ., Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունհեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում:

Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել:

Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն, այն տարբերակը, որը անընդունելի է Արցախի Հանրապետության համար:

Հիշեցնեմ, որ հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին և դեռ այն ժամանակ հաստատակամորեն մերժվել է:

Իլհամ Ալիևը, Մյունհենում կայացած քննարկման ընթացքում, ցույց տվեց, որ Ադրբեջանը, 23 տարի անց էլ, դեռ խոսում է նույն` հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, որովհետև դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ուղղակի ճանապարհն է: Նա ցանկանում է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և համաձայն է հասնել այդ նպատակին փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Արցախում և այլն։

Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել և վերադարձել է 1997-ին:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և Սովետական միության փլուզման զուգընթաց և համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հռչակել է Արցախը անկախ Հանրապետություն:

Սա է իրողությունը:

Արցախի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է և ցանկացած այլ մոտեցում անընդունելի է և ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք:

Ի գիտություն նշեմ, որ Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ցանկացած պարագայում, Արցախը պատրաստ է լուծել իր անկախության ու անվտանգության հարցը»։