Վահագն Խաչատրյան. «Գազի գնի նոր թանկացումը կլինի Հայաստանի տնտեսության վերջը»

«Գազի գնի նոր թանկացումը կլինի Հայաստանի տնտեսության վերջը»,- այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ, ընդդիմադիր Վահագն Խաչատրյանը:
Փետրվարի 15-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե հայկական կողմը բանակցում է «Գազպրոմի» հետ` գազի գների շուրջ:

Հայկական կողմը արդեն իսկ նշել է, որ հնարավոր է այս տարի գազի գինը նորից թանկանա:  Հունվարի կեսերին այդ մասին խոսել է նաեւ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը` գերմանական «Շպիգելին» տված հարցազրույցում:

«Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում կանցնենք շուկայական գների: Առայսօր Երեւանը վճարում է իր գազային եւ էներգետիկ ընկերություններում ունեցած ակտիվներով, ուստի այսօրվա դրությամբ մեզ են պատկանում գազային ենթակառուցվածքների 80 տոկոսը, խողովակաշարերը, ստորգետնյա գազապահեստարանները եւ Հրազդանի ՋԷԿ-ի մի մասը», – նշել  է Միլերը:

Մինչդեռ տնտեսագետը պնդում է, որ երկրորդ թանկացումը ուղակի աղետալի կլինի ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաեւ տնտեսության համար:

«Քանի որ նախորդ թանկացումից ոչ միայն քաղաքացիներն են տուժել, այլ նաեւ տնտեսվարողները: Եթե նայենք թվերին, ապա անցյալ տարի այդ առումով բյուջետային մուտքերն ավելի պակաս են եղել. «Հայռուսգազարադն» անցած տարի ավելի քիչ հարկ է վճարել, քան նախորդ տարիներին: Այս թանկացումից հետո, մուտքերն էլ ավելի պակաս կլինեն»,- ասում է տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով, գազի գնի թանկացումը կբերի նաեւ նրան, որ մեր այն ապրանքները, որոնք դրսում դեռ ինչ-որ չափով մրցունակ են, կդառնան անմրցունակ, ինչը ըստ տնտեսագետի նշանակում է, որ գազի գնի նոր թանկացումը կլինի Հայաստանի տնտեսության վերջը:

Վահագն Խաչատրյանը նաեւ պնդում է, որ գազի գնի թանկացումը որեւէ տնտեսական հիմնավորում չունի, ինչին վերաբերող բոլոր փաստարկները նշված է անցած տարվա ապրիլին վարչական դատարան ներկայացրած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայցում:

© Medialab.am