Լեւոն Զուրաբյան. «Ցանկացած պահի, երբ նպատակահարմար համարենք, կմտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղ հանրահավաք կանենք»

Լեւոն Զուրաբյան. «Ցանկացած պահի, երբ նպատակահարմար համարենք, կմտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղ հանրահավաք կանենք»
Լեւոն Զուրաբյան. «Ցանկացած պահի, երբ նպատակահարմար համարենք, կմտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղ հանրահավաք կանենք»

ՀԱԿ-ը  մարտի 1-ին կրկին չի կարողանա հանրահավաք անել Ազատության հրապարակում: Երեւանի քաղաքապետարանը կրկին մերժել է ընդդիմության իրազեկումը: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, որ նպատակահարմար լինելու դեպքում կմտնեն Ազատության հրապարակ եւ հանրհավաք կանցկացնեն:

Մարտի 1-ի  հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարան է ներկայացվել Կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ կուսակցության ներկայացուցչի կողմից: Հայտը մերժվել է այն պատճառաբանությամբ, թե ընդդիմադիրների ներկայացրած իրազեկման մեջ նշված եւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետարանի կողմից ի գիտություն են ընդունվել դեռ հունվարի 27-ին:

Փոխարենը` քաղաքապետարանն ընդդիմությանը առաջարկել է հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում եւ ի գիտություն է ընդունել հանրահավաքից հետո նախատեսվող երթի մասին իրազեկումը:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մեկնաբանելով քաղաքապետարանի որոշումը կարծիք հայտնեց, որ այդպիսով քաղաքապետարանը թե միջազգային հանրությանը, թե հայ հասարակությանը ցույց տվեց, որ «այս իշխանությունները իրենց գործողություններով բացարձակապես կապ չունեն ոչ Սահմանադրության, ոչ օրենքների հետ:

«Իսկ դա նշանակում է, որ մենք մեզ վերապահում ենք իրավունք, որ ցանկացած պահի, երբ նպատակահարմար համարենք, կմտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղ հանրահավաք կանենք»,- «Մեդիալաբին» ասաց Լեւոն Զուրաբյանը:

 

© Medialab.am