«ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը»,-առավոտյան Կառավարության շենքի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ իր տարբերակն է հրապարակել ՀՀ Ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում հավաքվել էին բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք, որոնց միացել էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, որի ժամանակ բախում է տեղի ունեցել: Պատգամավոր Անահիտ Բախշյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ընդդիմադիր Վարդգես Գասպարին` ոստիկանական բաժանմունք:
«Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև: Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, և հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ Կառավարության անդամների հասցեին»,-նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը:
© Medialab.am