Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքին, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին: Գլխավոր դատախազությունը Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: