ՌԴ-ի և ԱՄՆ-ի անվտանգության շուրջ բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով

Ժնևում անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր արդեն Ժնևում վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ մեր դիվանագետներով և զինվորականներով, որոնց մոտ հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության խնդիրների շուրջ ամերիկացիների հետ բանակցությունների նեղ կազմի առաջին փուլը։ Վաղը այդ աշխատանքը կշարունակվի արդեն լայն ձևաչափով։ Համապատասխանաբար, երկու օր՝ հունվարի 9-ը և 10-ը, նրանք կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։