ՀՔԾ-ն Միքայել Մինասյանին հարցաքննության ծանուցում է ուղարկել. Սերժ Սարգսյանի փեսան վկայի կարգավիճակ ունի. Factor.am

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել՝ հարցաքննության ներկայանալու համար: Factor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա: Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Հատուկ քննչական ծառայությունից:

Կառույցից, սակայն, չհստակեցրին, թե Միքայել Մինասյանին ինչ գործի շրջանակներում են ընդգրկել որպես վկա: Մեզ նաև հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին: Հիշեցնենք, որ այս օրերին տեղեկություն էր շրջանառվում, որ Միքայել Մինասյանը եկել և հետ է գնացել Հայաստանից, սակայն իրավապահները որևէ կերպ չեն արձագանքել:

Այս տեղեկությունների վերաբերյալ երեկ էլ ՀՔԾ-ից ասել էին, որ Միքայել Մինասյանը Հայաստանում չի եղել: Նշենք, որ Միքայել Մինասյանը երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, երբ կնոջ հայրը՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ կամ ՀՀ նախագահ է եղել: Իակ 2013 թվականից եղել է Վատիկանում ՀՀ դեսպանը: Պաշտոնանկ է եղել իշխանափոխությունից հետո: