Մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը․ Հրանուշ Խառատյան․ Factor.am. տեսանյութ

Factor TV-ի հարցազրույցն ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի հետ․

-Տիկի՛ն Խառատյան, Դուք պատմական գիտությունների թեկնածու եք, և ռուս-թուրքական դարավոր հարաբերությունների էությանը և Հայաստանը դրանցում, լավագույնս եք տիրապետում։ Դարեր ի վեր մեր տարածքում այս պետությունները հարաբերություններ են պարզում մեր շահերի հաշվին։ Ինչպե՞ս պաշտպանվել ռուս-թուրքական տեկտոնական հերթական երկրաշարժի ավերիչ հետևանքներից, որ նոր կորուստներ չունենա պետությունը։ 

-Հայաստանը միակը չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների բեռը կրում է իր վրա․ բացասական իմաստով եմ ասում։ Կովկասն էլ միակը չէ, որովհետև Թուրքիան ունի սահմանակից երկրներ և տարածքներ, որոնց նկատմամբ ՌԴ-ն ևս շահեր ունի, և այդ երկրները այս կամ այն չափով և ձևով ռուս-թուրքական հարաբերությունների բեռը կրողներն են։ Մենք նույնիսկ մեզ համար թղթի վրա չունենք վերլուծած այդ հարաբերությունների ազդեցությունների օրինաչափությունները այս իրավիճակում, ո՛չ միայն ՀՀ-ի վրա, այլ նաև ողջ տարածաշրջանում, Վրաստանում և Ադրբեջանում նույնպես։ Բայց ինչո՞ւ են շատ տարբեր այդ ազդեցությունները, և ինչու են շատ տարբեր դրանց հետևանքները, ի վերջո։

Անընդհատ մենք ասում ենք՝ Ադրբեջանի հետևում Թուրքիան է կանգնած։ Ես, այո, համաձայն եմ, Ադրբեջանի հետևում այսօր նաև ՌԴ-ն է կանգնած, որի համար շատ կարևոր են Ադրբեջանի ռեսուրսները, և Ադրբեջանը, որն այո, այն բուֆերն է, որը ՌԴ-ի համար դեպի Մերձավոր Արևելք և դեպի Թուրքիա լրացուցիչ հնարավորություններ են։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն էլ է շատ կորուստներ ունենում․ ուղղակի մենք ինիքնիշխանության կորուստ ենք ունենում՝ որպես պետություն, այնպես չէ, որ Ադրբեջանը շատ շահում է այս հարաբերություններից կամ միշտ շահում է։

Այլ խնդիր է՝ ինչպես ենք մենք գնահատում։ Իհարկե, շահել է հենց առաջին համաշխարհային պատերազմից հետո Ադրբեջանը՝ այստեղ Նախիջևանի և Արցախի հաշվին, և ոչ միայն․ Ելիզավետպոլի նահանգի վերաձևավորումն առհասարակ մենք քիչ ենք քննարկում՝ գոնե ընկալելու և հասկանալու համար։ Ինքը հաշվում է իր կորուստներն ու ձեռքբերումները, մենք չենք տեսնում մեր ձեռքբերումը, մենք հաշվում ենք մեր կորուստները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։