«Հույս կա, որ 2008-ի մարտից հետո ազատազրկման դատապարտված բոլոր անձինք շուտով կլինեն ազատության մեջ»,- այսօր` մայիսի քսանչորսին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Օմբուդսմենը նման հայտարարություն է արել անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից` համաներում իրականացնելու համար ԱԺ-ին դիմելու հանգամանքին: Անդրեասյանն ասել է, թե հույս ունի, որ առաջիկայում հայտարարվելիք համաներումը կտարածվի «2008 թվականին մարտյան իրադարձությունների արդյունքում ազատազրկված մարդկանց վրա»։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, սակայն, խուսափել է կիրառել «քաղբանտարկյալ» տերմինը:
«Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթևացնումն է մարդկանց վճակը և բարելավում այն, անկախ քաղաքական և հասարակական ենթատեքստից, դրական է»,- ասել է Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ մայիսի քսանին Սերժ Սարգսյանը համաներում հայտարարելու առաջարկով դիմել է ԱԺ-ին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ»,- նշված է այդ կապակցությամբ նախագահականից տարածված հայտարարության մեջ:
© Medialab.am