Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արժանանա համապատասխան գործողությունների. ՔՊ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վերջին օրերի սաստկացել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ նռնականետերի եւ ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ:

Երեկ, օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրվել է օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքեր:

Եվ չնայած այս արձանագրմանը, ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտում է, այլեւ ուղղակի անարգանք է հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ: Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»։