Հայաստանի կառավարությունն այսօր, հաշվի առնելով հայտնի ջութակահար «Հրաչյա Ավանեսյանի երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան` նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը»։
Հիշեցնենք, որ ներկայում Գերմանիայում սովորող ջութակահարը երկու շաբաթ առաջ հրապարակավ դիմել էր հայաստանյան ԶԼՄ-ներին` խնդրելով աջակցել իրեն, քանի որ ինքը վերջին պահին իմացել է, որ պարտադիր զորակոչից խուսափելու մեղադրանքով Հայաստանի կողմից գտնվում է հետախուզման մեջ, եւ չի կարող մուտք գործել Ռուսաստան` մասնակցելու Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին:
Հայաստանի կառավարությունը փաստորեն արձագանքել է ջութակահարին, սակայն, ուշացումով. մրցույթը կայացել է հունիսի 13-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցող Չայկովսկու անվան միջազգային մրցույթը ամենաբարդն է համարվում բոլոր երաժշտական մրցույթների մեջ եւ համարվում է երաժշտության օլիմպիադան:
Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ կատարողների 300-ից ավելի տեսաերիզ, եւ դրանցից ընտրվել է ընդամենը 20 կատարում, որոնց թվում էր նաեւ հայ ջութակահարի կատարումը:
© Medialab.am