Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը. Armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, տեղեկացնում է Armtimes.com-ը:

Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանեց. «Եթե հավատանք լուրերի հրապարակմանը՝ ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»:

Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Հարցին՝ Օրբելյանը սուտ է համարում այդ ժամանակահատվածում իր ՍԴ ելումուտ անե՞լը, թե կարգի խախտմամբ ելումուտ անելը, Բեգլարյանը պատասխանեց. «Պարոն Օրբելյանը պարբերաբար ելումուտ չի ունեցել ՍԴ վարչական շենք՝ 2018-ի մայիսից օգոստոս ամիսների ընթացքում: Այն տեղեկատվությունը, որ նա մուտք է գործել ՍԴ շենք առանց գրանցման այդ ժամանակահատվածում՝ իրականությանը չի համապատասխանում»:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվակ­ան եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը մեր զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք զրպարտություն համարում է Օրբելյանի ՍԴ այցելելու մասին ռեպորտաժը, պատասխանեց. «Մենք հղում ենք արել մեր աղբյուրի`ԱԱԾ-ի վրա: Մենք անանուն ու անհասցե աղբյուրներով չենք գրել: Ողջ մամուլը լցված է անանուն աղբյուրներով: Եթե Օրբելյանը խնդիր ունի, թող գնա ԱԱԾ-ի հետ պարզի»:

Մանրամասները՝ այստեղ