Մեր երկրին օդի պես անհրաժեշտ է բանակային ռեֆորմի իրականացումը. Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Մեր երկրին օդի պես անհրաժեշտ է բանակային ռեֆորմի իրականացումը։ Եթե դա չարվի, մենք ունենալու ենք հսկայական կորուստներ, ընդ որում կորցնելու ենք և՛ դեմոգրաֆիական, և՛ կրթական, և՛ գենդերային տեսանկյունից։

Մտեք յուրքանչյուր դպրոց ու հարցրեք, թե տղա երեխաների քանի տոկոսն է Հայաստանի քաղաքացի, սարսափելի իրականությունն այնքան խոսուն է։ Ես չեմ տիրապետում վիճակագրական տվյալների, բայց եթե վերհանվի վիճակագրությունը, ապա կպարզվի, որ ծնողները հսկայական ջանքեր են գործադրել տղա երեխաներին կամ երկրից դուրս տանելու, կամ՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու ուղղությամբ։

Նման անարդար բանակային համակարգի, այսպիսի սարսափելի ու անպատասխանատու պատերազիմից հետո հասկանալի են մարդկանց վախերը, մենք երեխաներին ուղղակի անարդար կերպով զոհաբերում ենք, զոհաբերում ենք մեր ապագան, ընդ որում ոչ միայն ֆիզիկական, այլև կրթական տեսանկյունից։

Երբ նոր դպրոցն ավարտած տղան 2 տարի կտրվում է ուսումնական գործընթացից՝ ընկնելով քյառթու-հայրիշխանական մոդելով առաջնորդվող, բոլորովին այլ բարքեր ու արժեքներ քարոզող կառույց, դեռևս անկայուն և հեղհեղուկ ինքնությունը ամբողջովին խեղվում է։ Շատ հզոր կամք և ուժ է պետք, որպեսզի բանակում ստացած տրավմաները հաղթահարի ու վերադառնա կրթությանը, գիտությանը, և լուրջ վերաբերվի այդ խնդիրներին։

Այս մի քանի տարվա ընթացքում ես զգացել եմ, թե որքան առաջ են գնացել աղջիկները, որոնք հնարավորություն ունեն կրթություն ստանալու և զարգանալու, իսկ որքան են հետադիմել տղաները, որոնց միակ սթրեսը բանակում չնվաստացվելը, չնվաստացվելը, չսպանվելն ու գոնե վերադառնալն է տուն։ Գենդերային բռնության տեսանկյունից նույնպես վիճակը բարդանում է, երբ տղաներն առերեսվում են մի կառույցի հետ, որն իրենց կյանք է սովորեցնում, փաստացի ասելով, որ կյանքը անհավասարության ու անարդարության տեսք ունի։ Այդ նույն մոտեցումները գալիս ու պրոյեկտում են իրենց զուգընկերուհիների վրա, ընտանիքում ևս առաջնորդվելով հիերարխիկ մոդլով։

Նա ով “ճարպիկ” է, կարողացել է իր երեխայի համար այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել կամ կարողացել է ժամանակին բավականաչափ գումար ծախսել և արտաժամյա պարապմունքներ ու դասախոսներ վարձել, էլիտար դպրոցների վարձավճար տալ, շահում է, իր երեխան առնվազն հետաձգում է ծառայությունը, կարողանում է սովորել, շարունակել ուսումը արտերկրում։ Ով սոցիալապես առավել անապահով է կամ չունի արտերկրում որևէ հնարավորություն երեխայի քաղաքացիության հարցը լուծելու՝ տուժում է։Այս հսկայական անարադարությունը ծնում է ահռելի խնդիրներ։

Մարդիկ արտագաղթում են բանակի վախից, մարդիկ փոխում են քաղաքացիությունը բանակի վախից․․․Նաև շատ անարդար է երկրի պաշտպանությունը դնել 18-20 տարեկան երիտասարդների ուսերին, մի քանի տարի հետո մենք ուղղակի տղա երեխաներ չենք ունենա ՀՀ քաղաքացիություն ունեցող, իսկ դա լրջագույն խնդիր է։ Եվ եթե պետական մոտեցում ու գիտակցում չկա այս մարտահրավերներին, և համակարգային լուծում չի տրվում, ապա մարդիկ առաջնորդվում են “եղունգ ունես, գլուխդ քորիր” շատ անարդար, տգեղ ու հանրային մտածողությունից զուրկ ասույթով։

Ուստի, օր առաջ անհրաժեշտ է բանակի ռեֆորմ իրականացնել, չխնայել ոչ մի միջոց, առաջնահերթը հենց այդ համակարգի առողջացումն է, որպեսզի հետևանքները անդառնալի չլինեն»։