Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Արմեն Չարչյանը պետք է կալանավորվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ որոշեց, որ Չարչյանը պետք է կալանավորվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 21-ին Չարչյանին կալանքից ազատել էր՝ բավարարելով նրան 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Մեղադրող դատախազն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված եւ թողնել անփոփոխ։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Գործը գտնվում է դատարանում: