«Հուսով եմ, աշխատանքները կշարունակվեն». ԵԱՀԿ գործող նախագահը`կազանյան հանդիպման մասին

Կազանում կայացած հանդիպմանը արձագանքել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն, Աժուբալիսը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ ջանքերի շարունակության կարեւորությունը:

«Ողջունում եմ փոխըմբռնման հասնելու ջանքերը մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների հաստատման համար պայմանների ստեղծմանը: Հուսով եմ, որ մնացած հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն` հակամարտության լուծման ճանապարհը հարթելու համար»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա նաեւ նշել է, թե «ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել եւ լրացնել ցանկացած ջանք (այդ թվում` իմ անձնական ներկայացուցչի միջոցով), որոնք ձեռնարկվում են եռակողմ մակարդակով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` վերջ դնելու համար Հարավային Կովկասում առճակատմանն ու անկայունությանը»:

«Առաջնորդներին կոչ եմ անում իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2010թ. Աստրախանում եւ այս տարի մարտին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ, այդ թվում` հետաքննել շփման գծում հնարավոր միջադեպերը եւ ձեռնապահ մնալ ուժի կամ դրա սպառնալքի կիրառումից»,-ասել է Աժուբալիսը:

© Medialab.am