«Տոները պարտադիր պետք է նշվեն, բայց այս իրավիճակում պետք է նշվեն ծայրահեղ զուսպ և միայն երեխաների համար». Լեւոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը

– Պարո՛ն Բարսեղյան, հետպատերազմյան այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը շալակած տանում ենք, ունենք բազմաթիվ զոհեր, անհայտ կորածներ, գերիներ, արդյոք պա՞հն էր «գունագեղ ու մասշտաբային» միջոցառումներով տոնելու Անկախության 30-ամյակը: Արդյոք սա լրացուցիչ լարվածություն չի՞ առաջացնի հանրության շրջանում: 

– Տոնը դեռ տեղի չի ունեցել, չգիտեմ՝ ինչպես են տոնելու, իսկ Փաշինյանի հայտարարությունն արդեն որոշ լարվածություն առաջացրել է՝ դատելով հանրային տիրույթում եղած կարծիքներից: Իմ կարծիքը հետևյալն է. տոները պարտադիր պետք է նշվեն, դրանք այս իրավիճակում պետք է նշվեն ծայրահեղ զուսպ: Եթե ինչ-որ բան պետք է արվի, ապա պետք է արվի երեխաների համար, նրանց համար, որոնք շատ բան չեն հասկանում և մեղավոր չեն եղածի համար:

Երեխաներին տոնից զրկել չի կարելի, բայց չափահասները, ինձ թվում է՝ կհասկանան, եթե տեղական ու պետական իշխանությունները տոները նշեն չափազանց զուսպ: Խոսքը միայն փողեր տնտեսելու մասին չէ, խոսքն անհարկի նյարդային միջավայր չստեղծելու մասին է: 

Ի վերջո, մեր ժողովրդական ավանդույթով զոհերի մահվան տարին դեռ չի լրացել: Պետք է հիշեցնեմ, որ երկրաշարժից հետո մեկ տարի շարունակ Գյումրիում երաժշտություն, հարսանիք չեն եղել: Իմ հարսանիքին երաժշտություն չի եղել, իսկ դա 1989-ի օգոստոսին էր: Գյումրեցիք դա լավ հիշում են: Ահռելի թվով զոհերի պատճառով քաղաքը առանց որևէ իշխանության հորդորի, դրդման կամ պահանջի որոշել էր, որ քաղաքում չեն նշում նույնիսկ ընտանեկան տոները: Սա ավանդական արժեք է: 

Միաժամանակ հարկ է նշել, որ մենք հիմա գտնվում ենք մի շարք քաղաքներում համայնքային ավագանիների ընտրական փուլում, քարոզարշավներ են սկսվելու, և շատ հաճախ այդ օրերը համընկնում են քաղաքի օրվա տոնակատարությունների հետ:

Ես շատ կուզեի, որ այդ տոնակատարությունները նշվեին էլի ծայրահեղ զուսպ և միայն երեխաների համար: Իսկ քարոզարշավների ավարտին ավանդաբար տեղի ունեցող համերգները չկազմակերպվեն: Քարոզարշավն ու հանրային բանավեճը թող լինեն հանուն համայնքների զարգացման ծրագրերի: Դրանից ոչ ոք չի տուժելու:

– Իսկ հատուկ շեշտել տոնի մասշտաբայնության և գունագեղության մասի՞ն: 

– Մեր լրագրողները ինձ առայժմ անհայտ, առեղծվածային պատճառով իշխանություններին ուղղված հարցերը, որոնց պատասխանները միայն իրենք գիտեն, տալիս են ոչ իշխանություններին:

Ես ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե պաշտոնյաներն ի՛նչ են մտածում այս կամ այն բանն ասելիս: Ես ընդամենը իմ դիրքորոշումն եմ ասում, որ տոները այս փուլում չարժի նշել ճոխ, պետք է լինել զուսպ, և դրա համար շատ ձևեր կան, որ տոնը նշվի արժանապատիվ կերպով, զուսպ և առանց գրգռելու հանրային նյարդերը:

– ՏԻՄ ընտրություններից առաջ գունագեղ ու մասշտաբային տոն նշելը նույն իշխանության համար լրացուցիչ ռիսկեր չի՞ ստեղծում: 

– Կարող է առաջացնել, կարող է բևեռացնել չկողմնորոշված ընտրողներին: Ընտրողներ կան, որոնք ի սկզբանե կողմնորոշված են, և ոչ մի բան չի կարող փոխել իրենց դիրքորոշումը:

Ընտրողներ կան, որ կողմնորոշված չեն, և նրանց դիրքորոշումը շատ բանով կախված է նրանից, թե նախընտրական փուլում ինչպես կպահեն իրենց հավանական թեկնածուները: Ընդհանրապես, ցնցումները կարող են ազդել այդ ընտրողների վրա, կարող են լրացուցիչ անգամ բևեռացնել ընտրողներին: Իսկ տոնը ճոխ նշելը ես ցնցում եմ համարում:

Դա ռիսկ է, և իշխանությունները պետք է դա գիտակցեն և, ընդհանրապես, նախընտրական փուլերում ցնցումների չենթարկեն հանրությանը: 

– Համացանցում շատերը նշում են՝ անկախությո՞ւն է մնացել, որ մի հատ էլ մեծ շուքով նշում են: Ինչպես եք սա գնահատում:

– Այդպես ողբերգական չարժի ներկայացնել, որովհետև կատարյալ անկախություն մենք երբեք էլ չենք ունեցել: Մեր անկախության համար պայքարը երևի 1000 տարվա պատմություն ունի, դա ինչ-որ մի հանգրվանի հասավ, զոռով-շառով անկախություն ստացանք 103 տարի առաջ, որից 2,5 տարի հետո նորից երկիրն օկուպացվեց բոլշևիկների ջանքերով:

Անկախության պայքարը եկավ հասավ 1990-ականների սկզբին, հետո մի շարք իշխանավորներ որոշեցին, որ դա մեր բանը չէ, և սկսեցին երկիրը մաս-մաս ծախել՝ անկախությունը վարի տալով: 

Վերջին հարվածը, անշուշտ, շատ ծանր հարված էր, բայց ես շատ հեռու եմ այն մտքից, որ հարկավոր է հող լցնել Հայաստանի Հանրապետության վրա, մի հատ էլ խաչ տնկել վրան ու ցրվել տներով՝ Լոս Անջելես, Փարիզ, Մոսկվա, Կարագանդա, Յակուտսկ և այլն: 

Բոլորին խորհուրդ եմ տալիս ողբանվագ, այդ խայտառակ տոնայնության թարգը տալ: Անշուշտ, շատ ծանր է, բայց ապրել մի երկրում ու չհարգել այդ երկիրը, շատ ամոթալի բան է: Եթե դա արվում է իշխանությանը ստորացնելու նպատակով, դա նույնպես արդարացում չունի:

Իսկ մարդկային հոգեբանական իմաստով բոլորս էլ ծայրահեղ ծանր վիճակում ենք, և հարկավոր է դրանից դուրս գալու մեր կարողությունները գործի գցել, ուս ուսի կանգնել ու գնալ առաջ: 

Նորից անդրադառնամ երկրաշարժին, որի ժամանակ Հայաստանը կորցրել է, պաշտոնական տվյալներով՝ 25 հազար մարդ, որից 17,5 հազարը մահացել են Գյումրիում: Գյումրիում ամեն 14-րդ մարդը զոհվել է, և բոլորի աչքի առաջ կործանման հեռանկարն էր:

Այսօր Գյումրիի բնակչությունը նախաերկրաշարժյան բնակչության ուղիղ կեսն է, այսօր ընդամենը 120 հազար մարդ է ապրում Գյումրիում: Բայց դա չի նշանակում, որ գյումրեցիները խաչ են քաշել քաղաքի վրա, ապագայի վրա: 

Նույնը խորհուրդն եմ տալիս համապետական կործանում ողբացող մարդկանց՝ թարգը տալ: Եթե համարում եք, որ կործանվել է, եղբա՛յր, գնացեք ապրեք ձեր ուզած լավ տեղերում, երջանիկ ու առողջ եղեք, մեր մահը մեզ մի՛ հայտարարեք: Մենք որ մահանանք, չենք էլ իմանա, որ մահացել ենք, մի՛ հայտարարեք: Սա է իմ մոտեցումը. հարգե՛ք այն երկիրը, որտեղ ապրում եք:

Մանե Հարությունյան

MediaLab.am