Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներն անվճար բուժում կստանան. «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կունենան անվճար բուժում ստանալու թիրախային՝ թանկարժեք դեղամիջոցով։ Այս մասին օրեր առաջ տեղեկացրել էին ոլորտի պատասխանատուները։ Հանրության շրջանում, սակայն, քիչ էր իրազեկվածությունն այն մասին, թե կրծքագեղձի քաղցկեղի որ տեսակի դեպքում է այս դեղը կիրառելի, իսկ բուժումը՝ անվճար։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները միայն առայժմ հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նոր է ներդրվել եւ կգործարկվի առաջիկա ամսում։

Ծրագրի իրականացման համար 250 մլն դրամ է ներդրվել, եւ դեղարտադրող ընկերության հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել դեղամիջոցը ձեռք բերել այն գնով, որպեսզի հնարավոր լինի ծրագիրն իրագործել առաջիկա 3 տարում։ Ըստ Գյոքչյանի՝ այս դեղամիջոցը բավական թանկարժեք է, եւ, ցավոք, շատ քիչ պացիենտների էր հաջողվում քիմիաթերապիային զուգահեռ ձեռք բերել այն սեփական միջոցներով։

Մի խոսքով՝ մինչեւ 3 փուլում նոր հայտնաբերված դեպքերի համար պետությունն իր վրա է կրելու այս դեղամիջոցի անվճար տրամադրումն առաջիկա տարիներին, բոլոր հերթագրված հիվանդների համար։ Իսկ մարտից նախատեսվում է բարձրացնել նաեւ ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։

2020 թ. ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար՝ ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։