Ալի Հասանով. «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել»

Ալի Հասանով. «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել»
Ալի Հասանով. «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել»

«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել»,-հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը, որակելով դա որպես «զիջում» Բաքվի կողմից:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հասանովը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջադրված՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին խոսելով, նշել է, որ չի կարելի ներկայացնել այն որպես քայլ՝ ուղղված այս գործընթացում Ադրբեջանի կամ Հայաստանի միանշանակ հաղթանակի ապահովմանը:

«Այդ սկզբունքները չեն երաշխավորում կողմերից մեկի լիակատար հաղթանակը: Ամեն դեպքում, համանախագահների առաջարկությունները ենթադրում են փոխադարձ զիջումներ: Ադրբեջանական կողմի զիջումն է՝ Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը», – ասել է նա:

Ալի Հասանովը նշել է, որ տասնյակ տարիներ հետո՝ նորմալ խաղաղ պայմաններում, կարող է որոշվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Իսկ մինչ այդ՝ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել միջանկյալ կարգավիճակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավարը հայտարարել է, որ նման քայլով կառուցողականություն ցուցաբերելով՝ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների:

© Medialab.am