Քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվում է քրեորեն պատժելի համարել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն էր:

Առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան` քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի, նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ Կառավարության հեղինակած ««Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:

ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով:

ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը եւս հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։