Դիտորդական խմբի ղեկավար. «Որ ծեծ է եղել, դա միանշանակ է»

Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայր է այցլել ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկսղություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը` պարզելու համար այնտեղ պահվող 7 երիտասարդ ակտիվիստների հետ կատարվող ապօրինությունները:
Ինչպես «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը, մեկուսարանում իրենք զրուցել են ձերբակալված բոլոր 7 երիտասարդների հետ, արձանագրել են բոլոր մարմնական վնասվածքները, նաեւ մեկուսարանի գրանցամատյաններում են կատարել համապատասխան գրառումներ:
Իսկանդարյանի խոսքով, երիտասարդները իրենց տեղեկացրել են, որ իրենք ՁՊՎ-ի հետ կապված խնդիր չունեն, իրենց ծեծել են Կարապի լճի մոտ, ճանապարհին եւ ոստիկանությունում:
«Որ ծեծ է եղել է, դա միանշանակ է»,- նշեց Իսկանդարյանը:
Իսկանդարյանը նշեց, որ երիտասարդները հայտարարել էին, որ իրենք ուղեղի ցնցում ունեն, ինչը, նրանց խոսքով, արձանագրել էին նաեւ ոստիկանություն այցելած բժիշկները: Իսկանդարյանի խոսքով, սակայն, քանի որ դա պաշտոնապես չի արձանագրվել, ուստի իրենց խումբը այսօր մեկուսարան շտապօգնություն էր կանչել:
Երիտասարդներից մեկին` Տիգրան Առաքելյանին, Իսկանդարյանի խոսքով, տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման համար: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Առաքելյանին տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց, իսկ այժմ Առաքելյանին արդեն հետ են բերել մեկուսարան:
«Մյուսներին բժիշկները տեղում ուսումնասիրել է: Նրանցից մեկը ընդհանրապես հրաժարվել է` ասել է գանգատ չունի, 3-ի մոտ կասկած կար, որ հնարավոր է`ուղեղի ցնցում ունեն: Բայց բժիշկը ասեց, որ ինքը չի կարող 100 տոկոսով ասել դա, որովհետեւ դրա համար երիտասարդներին պետք է բժշկական հաստատություն տեղափոխեն:
Մնացած 2-ի մոտ ամեն ինչ նորմալ է: Կարելի է այսպես ասել, մարմանական վնասվաքծներ կար 7-ից 5-ի մոտ 2-ի մոտ ամեն ինչ նորմալ է, նրանցից մեկը Սարգիս Գեւորգյանն է»,- նշեց Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Կարապի լճի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 7 ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, Սահակ Մուրադյանը, Վահագն Գեւորգյանը, Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը տեղափոխվել են Կենտրոնի ոստիկանություն, իսկ ուշ գիշերը նրանց տեղափոխել են ՁՊՎ:
Կարապի լճի մոտ տեղի ունեցած քաշքշուկի կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի`(Խուլիգանություն) եւ 316 հոդվածի 1-ին մասի, (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հատկանիշներով:
Կարապի լճի մոտ, ոստիկանություն տալու ճանապարհին եւ ոստիկանությունում երիտասարդների նկատմամբ բռնի ուժ է կիրառվել:
© Medialab.am