Ի՞նչ անել.Մի քանի նկատառում դասերի դադարեցման և աշխատող ծնողների վերաբերյալ. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի քանի նկատառում դասերի դադարեցման և աշխատող ծնողների վերաբերյալ:

Դասերի դադարեցումը խնդրահարույց է աշխատող ծնողների, հատկապես՝ երկսերունդ երիտասարդ ընտանիքների համար: Երկուսն էլ աշխատում են, փակ են մանկապարտեզները, դպրոցները, ո՞վ է խնամելու երեխաներին:
Համաճարակային իրավիճակների վերաբերյալ մենք ունենք միայն դրվագային լուծումներ: Եթե օրինակ Կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշումը կարգավորում է որոշ բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները նաև համաճարակների մասով, ապա համընդհանուր մոտեցում չունենք: Ստացվում է, որ պետությունն իր հոգածությունը պատշաճ չի կատարում: Խզում է առաջանում մի շարք օրենքների և ստեղծված իրավիճակի միջև: Եթե ԱԺ-ի պարագայում եղավ կառույցի նախագահի բարի կամքի դրսևորումը՝ ելնելով իրավիճակից, ողջախոհ բացակայությունների դեպքում տույժեր չկիրառել, ապա մյուս պետական հիմնարկներում կարող է ստացվել հակառակը: Էլ չեմ խոսում մասնավոր սեկտորի մասին, որտեղ աշխատողը մեղմ ասած անգլիական մանուֆակտուրային փուլի վիճակում է:
Ի՞նչ անել.

1. Կառավարությունը պետք է հրատապության կարգով ընդունի ոլորտը կարգավորող որոշումներ, այդ թվում օրինակ, տանը խնամքի կարիք ունեցող անձանց՝ հատկապես անչափահաս երեխաներ ունեցող ծնողների մասով:

2. Կատարի իրավիճակին համապատասխանող փոփոխություններ վերոնշյալ Որոշման մեջ:

3. Համաճարակներին և ընդհանրապես արտակարգ իրավիճակներին առնչվող օրենսդրական դաշտը ենթարկի շատ արագ շտկումների: Սա նշանակում է, որ Արդարադատության նախարարությունում պետք է ինտենսիվ գործեն, այլ ոչ էն մեխանիկայով, երբ մի հատ որոշման նախագիծ երկու ամիս մնում է ու հետո կորում:

4. Նորից, համապատասխան որոշումով պարտադրի մասնավոր հատվածում բոլոր գործատուներին, ելնելով աշխատանքի բնույթից, հնարավորություն տալ աշխատողներին աշխատել առցանց: Բնական է, որ ասվածը հացթուխներին չի վերաբերվում:

5. ԿԳՄՍ-ն շատ արագ պետք է փորձարկի առցանց կրթական հարթակներ ու հնարավորություններ: Իհարկե կլինեն բազմաթիվ թերացումներ, դժգոհություններ, բացեր, բայց ոչինչ՝ սխալվելով ենք սովորում:

6. Սոցապ նախարարությանը կոչ եմ անում անիմաստ կոչեր չանել գործատուներին, այլ բերել իրավական կարգավորումներ:

7. Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կատարել կտրուկ փոփոխություններ, ավելացնելով ոլորտային փորձագետների(ինքս նման հավակնություն չունեմ և լավ կլինի, որ ամենայն հայոց փորձագետները նույնպես չհավակնեն)»:

Մի քանի նկատառում դասերի դադարեցման և աշխատող ծնողների վերաբերյալ:Դասերի դադարեցումը խնդրահարույց է աշխատող ծնողների,…

Gepostet von Vahram Toqmajyan am Freitag, 13. März 2020