«Ժառանգությունը» վստահ է՝ պետության հետ համատեղ, ներդաշնակ գործողություններով կապահովենք մեր ազգային անվտանգությունը

«Ժառանգության» հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ կառավարության միաձայն որոշումը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին, որի անհրաժեշտության և հիմնավորումների վերաբերյալ արդեն հնչեցրել ենք մեր առաջարկությունները:

Թագավարակի (COVID-19)-ի տարածումը Հայաստանում և համավարակի դեմ պայքարի միջազգային փորձը մեզ բոլորիս մղում են համերաշխ գործողությունների: Համազգային, համապետական վտանգի դեմ նահանջում են բոլոր տարաձայնությունները:

«Ժառանգությունը», առաջնորդվելով վերոնշյալ համազգային հրամայականով, արտակարգ դրության ողջ ժամանակընթացում մի կողմ է դնում իշխող քաղաքական ուժի հետ ունեցած նպատակին հասնելու մեթոդական տարաձայնությունները, վստահություն է հայտնում, որ արտակարգ դրության մեջ պետության հետ համատեղ ուժերով, ներդաշնակեցված գործողություններով Հայաստանը կկարողանանք նվազագույն կորուստներով և ժամկետում դուրս բերել վարակի  վտանգավոր գոտուց՝ ապահովելով մեր ազգային անվտանգությունը: Կուսակցությունը պատրաստ է ճգնաժամային կառավարման անցած գործադիր իշխանության հետ պահանջվող խորհրդատվական ու գործնական միացյալ հնարավոր քայլերի՝ իր գաղափարական և հանրային ներուժին համարժեք: 

Ճգնաժամային կառավարումը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, տեղեկատվության արագ և անմիջական փոխանակում, համաժամանակյա ծրագրված գործողություններ, ուստի բոլորս պետական-քաղաքական դաշտում պիտի գործենք միասին՝ հանուն ընդհանուր նպատակի. Չարենցյան գաղտնագիր, այժմ հանրահայտ կարգախոսին համահունչ՝  «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:  

«Ժառանգությունը» կուսակցություն

16 Մարտ 2020թ

Երևան