COVID-19. Ամբողջ Չինաստանում արձանագրվել է ընդամենը 39 նոր դեպք. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 350 հազար 646 է: «Արմենպրես»ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 15 հազարը: Մարտի 23-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում` անցնելով 100 հազարը:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 093 է, սակայն այստեղ նոր դեպքի թիվն է նկատելիորեն կրճատվել: Մարտի 23-ի դրությամբ՝ ընդամենը 39 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59 հազար 138 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 5 հազար 476: Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է աշխարոհում:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում, որտեղ վերջին տվյալների համաձայն գրանցվել է 35 հազար 070 հաստատված դեպք: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերն այնտեղ 33 հազար 089-ն են:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 26 հազար 220 է, այնուհետև Իրանն է՝ 23 հազար 049 հաստատված դեպքով:  Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16 հազար 481-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 961-ի, Շվեյցարիայում՝ 8  հազար 234-ի, Մեծ Բրիտանիայում՝ 5 հազար 683-ի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 54 դեպք կա, Ռուսաստանում` 438, Թուրքիայում՝ 1236:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 190-ից ավելի է:

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 է. երկու անձ արդեն ապաքինվել է:

ՄԱԿ-ի հովանու ներքո կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին ասված է Նորվեգիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում:

«Գլոբալ հիմնադրամը կարող է ապահովել կանխատեսելիություն մեր գործընկերների համար և կօգնի բոլոր երկրի ջանքերը դարձնել առավել արդյունավետ»,-ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս հիմնադրամը կարող է ստեղծվել նախորդ փորձից ելնելով, երբ նման հիմնադրամ ստեղծվել էր էբոլայի դեմ պայքարի ժամանակ 2014 թվականին և որի գործունեությունը հաջողված էր:

Չինաստանն ու ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցեն Մոլդովային

Մոլդովան բժշկական օգնություն կստանա Չինաստանից և Ռուսաստանից: Այս մասին մարտի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ավելացնելով, որ օգնությունը կլինի շաբաթվա ընթացքում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք բժշկական աջակցություն ենք ստացել Առողջապահության համաշխարահյին կազմաերպությունից, շաբաթվա վերջին սպասում ենք Չինաստանից եկող օգնությունը: Նախորդ շաբաթ մենք աջակցություն ենք խնդրել նաև Ռուսաստանից, որից եկող օգնությունը ևս սպասում ենք այս շաբաթ»,-նշել է նախագահ Դոդոնն՝ ավելացնելով, որ այս ամենը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում:

ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: «Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Սիրիայում որոշվել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը: Նախարարությունը տեղեկացնում է, որ թերթերը կշարունակեն թարմացնել իրենց կայքերը, սոցիալական ցանցերի էջերը՝ այս փուլում իրականացնելով իրենց կրթական և տեղեկատվական դերը կորոնավիրուսի դեմ պայքարում: Որոշումը կայացվել է Տեղեկատվության նախարարությունում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին տեղական թերթերի գլխավոր խմբագիրները:

Ավստրիան և Կանադան չեն մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային oլիմպիական խաղերին

Ավստրալիան չի մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային oլիմպիական խաղերին կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն: Հաղորդագրության մեջ ԱՕԿ-ը շեշտում է, որ Խաղերի անցկացումը հուլիսին անհնարին է, և ճիշտ կլինի այն անցկացնել 2021 թվականին:

Ավելի վաղ խաղերի չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Կանադան:

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է Օլիմպիկան խաղերի անցկացման ժամկետների հարցին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարծիքով, կորոնավիրուսի հետ կապված ներկայից իրավիճակը թույլ չի տալիս խաղերն անցկացնել ի սկզբանե որոշված պլանների համաձայն: «Իմ կարծիքով, աշխարհում հիմա այն իրավիճակը չէ, որ Օլիմպիական խաղերը կայանան հայտարարել է Աբեն՝ նաև հույս հայտնելով, որ ՄՕԿ-ի հետ ընդհանուր հայտարարի կգան:

Առավել վաղ ճապոնական կողմը հայտնել էր, որ հնարավոր է համարում խաղերի հետաձգում, եթե դրանք չանցկացվեն ինչպես ընդունված ձևն է պահանջում:

Ռուսաստանից Իտալիա է մեկնել մոտ 100 ռազմական բժիշկ

Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական առաքելությունը բաղկացած է 8 շարժական թիմից և մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից: