Մենակ․ տարեցի ամենամեծ վախը

Անահիտ Թորոսյանը ստիպված է ամեն օր հաշվարկներ անել, որ մինչեւ ամսվա վերջ թոշակից ու նպաստից գոյացող ֆինանսական միջոցները չվերջանան։

Ամեն հարցում է հետեւողական՝ առողջության, սննդի, վճարումների։ Հույսը միայն իր վրա է դնում:

78-ամյա Անահիտ Թորոսյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իր մեկսենյականոց բնակարանում մենակ է ապրում։

Նրա խիստ կանոնակարգված օրը սկսվում է առավոտյան 6-ին։

Ունեցածի համար Աստծուց գոհ է, իսկ իրականությունն այն է, որ «մի կերպ է գոյատևում»։ Ասում է՝ քիչ թե շատ նորմալ ապրելու համար ամսական 100 հազար դրամ է պետք, հաշվել է։ Ստացած թոշակը հիմա հազիվ դեղերին է հերիքում։

«Ինչի՞ պիտի թոշակառուն դեղերին էդքան փող տա, դեղերը պիտի անվճար լինեն»,- դեղերի հետ ու կյանքի համար կռիվ է տալիս Անահիտը։

Աղոթքից հետո չափում է ճնշումը, խմում օրվա համար նախատեսված դեղերը։ Հետևում է նաև սննդին․ ամռանը նախաճաշին խորոված բանջարեղեն է ուտում, ձմռանը, սովորաբար, մի ձու։

Հետո պատրաստվում է տնից դուրս գալուն, մինչև բարեգործական ճաշարան հասնելը կարևոր գործ ունի։ Հանրային բացօթյա մարզասարքերի պուրակում ամեն օր 30 րոպե պարտադիր մարզվում է։

Ամուսնուն Անահիտը կորցրել է 5 տարի առաջ, միայնակ մնալով՝ ի վերջո լսել է ծանոթների խորհուրդներն ու դարձել բարեգործական ճաշարանի շահառու։

Նրան, ինչպես ոմանց, ընդառաջում են, թողնում, որ սնունդը տուն բերի, Անահիտն էլ այն, ինչ նախատեսված է մեկ անգամ ուտելու համար, բաժանում է երկու մասի՝ ճաշ և ընթրիք։

«Սկզբում ամաչում էի, թեկուզ հիմա էլ եմ ամաչում, էնքան եմ ամաչում, բայց ստիպված եմ գալիս, թոշակը մենակ դեղորայքին է հերիքում, էլ ուտելիքի փող չի մնում»,- ասում է նա, ու դողացող ձայնը խլանում է աչքերը կարմրացնող արցունքներից։

«Բայց ուտելիքը շատ լավն է, տնականի նման, համով։ Դեռ երեկվանից գրեչկա ունեմ, գիտեն, որ մենակ եմ, շատ են լցնում, բայց դա գաղտնիք ա»։

Գյումրեցի Անահիտը Երևան է եկել 16 տարեկանում․ ամուսինը «փախցրել» է։Տղայի ծնվելուց հետո հանգամանքները, սակայն, այնպես են դասավորվել, որ որոշելէ բաժանվել։ Տղային մենակ է մեծացրել, դժվարությամբ, բայց դաժանորեն կորցրել է նրան՝ 17 տարեկանում.

«Բաժանվեցի, բայց չգնացի Գյումրի՝ երկու եղբայր ու երկու քույր ունեի, նրանց համար ամոթ կլիներ։ Սկզբում վարձով էի ապրում, հետո մի լավ ընկերուհի ունեի՝ նրա մոտ։ Աշխատեցի, ցերեկը՝ գանձապահ, գիշերը՝ պահակ։ Տուն առա։ Էրեխուս մի աղջկա պատճառով սպանեցին․․․»

10 տարի անց նորից է ամուսնացել, ամուսնու երեխաները հարգում են, հրավիրում միջոցառումներին, «նստացնում ամենապատվավոր տեղը»։

Բայց չի ուզում նրանց նեղություն տալ, չի էլ ասել, որ ճաշարան է գնում։ Գյումրիում ապրող քույրերին էլ չի ասում ճաշարանի մասին։

Ճաշարանից տուն վերադառնալիս Անահիտը, որպես կանոն, գնում է սուպերմարկետ՝ էժանացրած միրգ-բանջարեղեն գնելու.

«Խնձորը էդտեղից եմ առել, 150 դրամ, շատ լավն են, մի քիչ էլ վնասված կլինի, ի՞նչ անենք։ Խնձորը սրտի դեղ ա․․․

Հագուստ չեմ առնում, հին շորերով կարող եմ հանգիստ ապրել, բայց ներքնազգեստ, գուլպա պիտի շուտ-շուտ առնեմ։ Քիչ կուտեմ, քիչ կխմեմ, միայն զգամ, որ կյանքը հետագայում լավ ա լինելու»։

Ճաշից հետո տանը չի նստում՝ գնում է զբոսնելու, քայլում է, կանգնում, խոսում ծանոթների հետ, թոշակի օրերին զբաղմունքն ավելանում է՝ կոմունալները պիտի վճարի, մինչև երեկո իրեն զբաղեցնում:

«Բա ի՞նչ անեմ, չաղացել եմ, սրտին վատ ա, դրա համար շատ եմ քայլում, մարզանք եմ անում, որ առողջ լինեմ»։

Կարևորը՝ անկողին չընկնի. «Առողջ լինեմ, մեռնելուց՝ ոտի վրա մեռնեմ»։

Երեկոյան գալիս է տուն, ընթրում, կյանքի մի օր էլ թերթում։

Լրագրող՝ Սառա Խոջոյան
Ֆոտոլրագրող՝ Կարապետ Սահակյան
Օպերատոր՝ Արմեն Շահոյան
Մոնտաժը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

MediaLab.am