Ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել

Ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել
Ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին եւ տեսուչին` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:
Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` Հ. Սիմոնյանն աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում` որպես ավագ տեսուչ, իսկ Դ. Աթոյանը` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում որպես տեսուչ, որի ղեկավար-դաստիարակի պարտականություններն իրականացրել է ավագ տեսուչ Հ. Սիմոնյանը:

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ 2008թ. նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հ. Վարդանյանի հաղորդման կապակցությամբ Դ. Աթոյանը նյութեր է նախապատրաստել:

Այդ ընթացքում Հ. Սիմոնյանը դեպքի մասնակիցներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ, որի հիման վրա հետաքննիչ Դ. Աթոյանի անունից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կեղծ տեղեկություններ մտցնելով արձանագրության մեջ` Դ. Աթոյանը բաժնի պատասխանատու հերթապահի ստորագրմանն է ներկայացրել հանցագործության վերաբերյալ կեղծ տվյալներով ամփոփագիր` իբրեւ հանցագործության կատարման ընթացքում դանակ չի գործածվել:

Դ. Աթոյանն իր ստորագրությամբ վավերացրել եւ բաժնի պետի հաստատմանն է ներկայացրել Հ. Սիմոնյանի կազմած, իրենց ցանկալի բովանդակությամբ, փաստական աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Դ. Աթոյանը եւ Հ. Սիմոնյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Աթոյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ. Սիմոնյանը` 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` յուրաքանչյուրին երկու տարի վեց ամիս ժամկետով:

Medialab.am