«Որ այդ կառույցը Հայաստանին ոչինչ չի տալիս, ակնհայտ է, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալն իրատեսական սցենար չէ». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, ՀԱՊԿ գագաթնաժողովն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք երեկ տեղի ունեցած իրադարձություններից:

– Գլխավոր իրադարձությունն իհարկե այն է, որ այդպես էլ չկարողացան ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի եզրափակիչ հայտարարությունը, ինչպես նաև համաձայնության գալ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագծի շուրջ:

Ամենայն հավանականությամբ, թե՛ այդ փաստաթղթի, թե՛ եզրափակիչ հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամ երկրները հերթական անգամ ձախողել էին հստակ քաղաքական գնահատականներ տալ սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակմանը և Ադրբեջանին ուղղված հասցեական կետեր մտցնել հայտարարության տեքստի մեջ, ու դա է պատճառը, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ երկու փաստաթուղթը:

Առաջին փաստաթղթում, ամենայն հավանականությամբ, քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահման դիտորդական առաքելություն ուղարկելու խնդիրը, սակայն գիտենք, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում բազմիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը չեն դիտարկում որպես միջնորդ կառույց, այլ՝ որպես պաշտպանական դաշինք, որի գործառույթն է աջակցել Հայաստանին, այլ ոչ թե միջնորդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ու, փաստորեն, այդ որոշումն այդպես էլ չկայացվեց: Տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, արդյոք կարողանալո՞ւ են ինչ-որ փոխզիջումային լուծումների հասնել:

– Դժվարանո՞ւմ եք ասել՝ կհաջողվի լրամշակված տարբերակում ներառել այն բոլոր կետերը, որոնց բացակայության պատճառով Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթղթերը:

 – Չեմ կարծում, թե հասցեական արձագանք կամ քաղաքական գնահատական կլինի, ավելի հավանական է, որ, այնուամենայնիվ, հայկական կողմին կհամոզեն կամ էլ չեն համոզի, դժվարանում եմ ինչ-որ մեկնաբանություն տալ:

– Այդ հստակ արձանագրումներն ինչո՞ւ չեն լինում: Հայաստանի գործողություննե՞րն են թերի, թե՞ այլ խնդիրներ կան:

– Չէ՛, պարզ է, որ խնդիրն այլ է: Ռուսաստանը չի ցանկանում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կողմ դառնալ, ցանկանում է պահպանել չեզոք արբիտրի դերը, որը ստանձնել է վաղուց: Գիտենք նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրները բավականին մտերիմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ ու որևէ ցանկություն չունեն կողմ դառնալ կամ հնչեցնել այնպիսի գնահատականներ, որոնք դուր չեն գա Բաքվին:

Հիմնական պատճառը դա է, Հայաստանն այստեղ ինչ գործողությունների էլ դիմի, արդյունքը նույնն է լինելու:

– Եթե նկատի ունենանք երեկ տեղի ունեցածն ու ձեր վերոնշյալ միտքը, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ ՀԱՊԿ-ում մնալը, ըստ էության, Հայաստանին ոչինչ չի տալիս, ու անիմաստ է շարունակել անդամակցությունն այդ կառույցին:

– Այն, որ այդ կառույցը Հայաստանին ոչինչ չի տալիս, ակնհայտ է, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, չեմ կարծում, թե դա իրատեսական սցենար է: Հայաստանի իշխանությունները, կարծում եմ՝ հաշվի են առնում այն բոլոր վտանգները, որոնք կապված են այդ գործընթացի հետ:

Այդ վտանգներն առաջին հերթին գալիս են Ռուսաստանից, որովհետև պարզ է, որ այդ դեպքում Ռուսաստանը որոշակի քայլերի է դիմելու, ու չեմ կարծում, որ Հայաստանն այսօր հետաքրքրված է Ռուսաստանի կողմից հավելյալ բացասական արձագանքով, ուստի այդ բոլոր խոսակցությունները տեսական են, իսկ պրակտիկայում՝ քիչ հավանական կիրառելի:

– Եթե լրամշակված տարբերակներում էլ չլինեն հստակ գնահատականներ ու պահանջներ՝ ուղղված Ադրբեջանին, ապա Ադրբեջանի հետագա պահվածքն ինչպիսի՞ն է լինելու, պարո՛ն Գրիգորյան:

– Չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի գործողությունները պայմանավորված են այդ հայտարարության տեքստի մեջ տեղ գտած կամ չգտած ձևակերպումներով: Ադրբեջանը հասկանում է, որ եթե նույնիսկ նմանատիպ հայտարարություն էլ ինչ-որ հրաշքով ընդունվի, ՀԱՊԿ-ը որևէ ակտիվ ներգրավվածություն չի ունենալու նոր էսկալացիայի պարագայում:

Այդ մասին տեսնում ենք, որ արդեն բաց տեքստով էլ հայտարարում է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը չի առնչվում կառույցի իրավասությանը: Այսինքն՝ Ադրբեջանն այս կամ այն որոշումը կայացնելիս այլ գործոնների է նայում Հայաստանի հետ հարաբերություններում:

– Հայաստանին ի՞նչ է մնում անել այս դեպքում: Հույսը մնում են միջնորդ կողմե՞րը:

– Խնդիրն այն է, որ այդ միջնորդ կողմերն էլ չեն կարող երաշխիք լինել: Եթե Ադրբեջանը նպատակահարմար համարի նոր էսկալացիա սկսել, կարծում եմ, չի նայելու արևմտյան միջնորդների արձագանքին, ԵՄ դիտորդների առկայությանը գետնի վրա: Տեսնում ենք, որ, ցավոք սրտի, իրավիճակն առաջ է ընթանում էսկալացիայի տրամաբանությամբ թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին, թե՛ Լեռնային Ղարաբաղում:

Սա կապված է նաև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի հետ, եթե Ադրբեջանն իր համար ցանկալի պայմաններով փաստաթուղթ չստանա՝ ստորագրված Հայաստանի կողմից, մեծ է հավանականությունը, որ սահմանին կրկին սադրանքների կդիմի:

– Արցախում արվող սադրանքները և՞ս ցանկալի պայմանագիր ստանալուն են միտված:

– Արցախում մի շարք այլ պատճառներ կան. շրջանառվում է պաշտպանության բանակի զինաթափման խնդիրը, խոսվում է Լաչինի միջանցքով իբր զենք-զինամթերքի տեղափոխման մասին, փորձում են Լաչինի միջանցքի ու «Զանգեզուրի միջանցքի» միջև հավասարության նշան դնել, այսինքն՝ խնդիրներն այնքան շատ են, որ էսկալացիայի համար առանձնակի առիթներ պետք էլ չէ փնտրել: Դրանց մասին ադրբեջանցիները հաճախ են խոսում ու, մեծ հաշվով, փորձում են արդարացնել իրենց հետագա գործողությունները:

Քրիստինե Աղաբեկյան