«Հուսով եմ, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում փողն ու քրեաօլիգարխիան կմերժվեն»․ Տիգրան Գրիգորյան

Ազգային վերածնունդ կուսակցության խորհրդի անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, ինչպես արդեն գիտեք, Ազգային վերածնունդ կուսակցությունը չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը և մտնել խորհրդարան։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում անձնվիրաբար աշխատել են մեր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև իրենց քվեն մեզ տված 2360 ընտրողին։

Այնուամենայնիվ, այս արդյունքը մեր գործունեության հստակ գնահատական է, և ես ընդունում եմ այն։ Որոշում եմ կայացրել այլևս քաղաքականությամբ չզբաղվել և ջանքերս կենտրոնացնել վերլուծական և այլ ոլորտներում։ Ամեն մի ճգնաժամ նաև նոր հնարավորություն է։

Հուսով եմ նաև, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում փողն ու քրեաօլիգարխիան կմերժվեն» ։