COVID-19 –ի համավարակին հակազդելու համար ձեռնարկվող միջոցառումներում հաշմանդամություն ունեցող անձինք չպետք է անտեսվեն․ coe.int

Ներկայացնում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը՝ հայերեն (ՀՔԱՎ-ի թարգմանությամբ)

Արձագանքելով կորոնավիրուսի լայնամասշտաբ արագ տարածմանը՝ եվրոպական երկրների կառավարությունները չպետք է մոռանան, որ Եվրոպայի բնակչության մեծ մասը կազմում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն հաճախ ենթարկվում են առողջական խնդիրների բարդացման մեծ ռիսկի, այլև հատուկ աջակցության կարիք ունեն այս դժվար ժամանակահատվածում։ Այս կարիքները պետք է հաշվի առնվեն համավարակի հակազդման հենց սկզբից։ 

Թեև ներկայիս ճգնաժամն աննախադեպ է, պետության՝ համավարակի հակազդման քայլերի ելակետը պետք է լինի մարդու իրավունքների միջազգային չափանիշների հանդեպ հարգանքը։ Այս առումով հարկ է հիշել Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետություններից 46-ի կողմից վավերացված ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 11-ը, ըստ որի՝ պետությունները «պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և անվտանգությունը ռիսկային իրավիճակներում, այդ թվում` զինված հակամարտությունների, արտակարգ հումանիտար իրավիճակների և բնական աղետների դեպքում»: 

Վարակի տարածումը նվազեցնելու նպատակով անդամ պետություններից շատերը իրավամբ ձեռնարկել են սոցիալական հեռավորության պահպանման միջոցներ, սակայն համակարգված ուշադրություն չեն դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հանգամանքներին և կարիքներին։ Ինչպես նշել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ «վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ինչպիսիք են՝ սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսացումը, կարող են ահնար լինել այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ինքնուրույն սնվել, հագնվել և լոգանք ընդունել»։ 

Այս առումով խորապես մտահոգված եմ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունների խաթարման աճող ռիսկով։ Ամբողջ Եվրոպայում նման աջակցություն տրամադրող անձինք և սոցիալական աշխատողները հայտնում են լուրջ խնդիրների մասին, որոնք վտանգում են այս ծառայությունների շարունակականությունը։ Այդ խնդիրների շարքում է  աշխատակազմի պակասը՝ հիվանդության կամ ազատ տեղաշարժի սահմանափակման և անձնական պաշտպանիչ միջոցների պակասի պատճառով, ինչը վտանգում է թե աշխատակազմին և թե ծառայություններից օգտվողներին։ Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ լուծելու այս խնդիրները, այդ թվում նաև, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկելով արտակարգ միջոցառումներ, ինչպիսիք են՝ աշխատակազմի համալրման գործընթացի հեշտացում, հիմնական ծառայությունների առաջնահերթությունների սահմանում, հաշմանդամություն ունեցող անձանց ֆինանսական օգնության տրամադրում՝ լուծելու այս իրավիճակի հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերի հարցը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, այդ թվում՝ ֆորմալ աջակցություն տրամադրող անձանց ներգրավում՝ անձնական պաշտպանիչ միջոցների և իրազեկման գործողությունների պլանավորման մեջ ՝ արտակարգ դրության պայմաններում։

Համապատասխան միջոցների մշակման, գնահատման կամ վերանայման ժամանակ կարևոր է, որ պետություններն ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց՝ ներկայացուցիչ կազմակերպությունների միջոցով ներկայությունը, ինչպես նաև աջակցություն տրամադրողների ներկայությունը։ 

Եվրոպայում հաշմանդամություն ունեցող շատ անձինք դեռևս զրկված են ազատությունից բնակության վայրերից շատերում, այդ թվում՝ հաստատություններում և հոգեբուժական հիվանդանոցներում, չնայած պետությունների՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի շրջանակում ունեցած պարտավորություններին և մարդու իրավունքների միջազգային մարմինների, այդ թվում՝ իմ գրասենյակի արած կոչերին (որոնք վերջերս արվում են Բոսնիա և Հերցեգովինիայի, Ռումինիայի և Հայաստանի վերաբերյալ)։ Նման հաստատություններում բնակվող անձինք անտեսվում և անբավարար առողջապահական խնամք են ստանում սովորական ժամանակներում, իսկ համավարակի պայմաններում առաջ են եկել հաշմանդամություն ունեցող անձանց առողջական այլ լուրջ ռիսկեր, որոնց անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը՝ շեշտելով, որ «COVID-19-ը առաջացրել է այս հաստատություններում բնակվող ծայրահեղ խոցելի խմբերում հիվանդության բռնկման ռիսկ»։ 

Կարճաժամկետ հեռանկարում պետությունների գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի այս ռիսկերի նվազեցումը, այդ թվում՝ դադարեցնելով նոր ընդունելությունը, հնարավորության սահմաններում հաշմանդամություն ունեցող անձանց հաստատություններից տեղափոխելով և բնակիչներին պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները ձեռնարկելով։ Նոր ընդունելությունը դադարեցնելու առումով անհանգստություն ունեմ՝ կապված արտակարգ միջոցառումների հետ, որոնք թուլացնում են փակ տարածքներ տեղափոխման կանոնները, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում։ Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին, որոնք պետությունները պետք է ձեռնարկեն՝ պաշտպանելու այս հաստատությունների բնակիչներին վարակից, դրանք անխուսափելիորեն պետք է տրվեն հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացման և աշխատակազմի անդամների զոհաբերության գնով, ովքեր շատ երկրներում սահմանափակել են իրենց տեղաշարժը բնակիչների հետ միասին։ Այս մեկուսացումը պետք է հնարավորինս մեղմացնել, օրինակ՝ մեծացնելով էլեկտրոնային հաղորդակցման ձևերի հասանելիությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում նաև մեծանում է անհնանգստությունը, որ քանի որ համավարակի պատճառով կյանքը փրկող առողջապահական առկա ռեսուրսները ավելի ու ավելի շատ են կիրառվում, նրանք այդպիսի միջամտությունների հասանելիություն չեն ունենա։ Բոլոր անդամ պետությունների գլխավոր պարտականությունը պետք է լինի բացառել այդ իրավիճակը և հավաստիացնել հաշմանդամություն ունեցող անձանց, որ առողջապահական խնամքի հասանելիության հարցում նրանք հաշմանդամության հիմքով խտրականության չեն ենթարկվի և նրանց կարիքները կբավարարվեն պատշաճ ձևով։   

Հենց սկզբից ընդգծել եմ համավարակի և դրան հակազդելու նպատակով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ թափանցիկ և հասանելի տեղեկության անհրաժեշտությունը այն իրավիճակում, երբ մեծ արագությամբ շատանում է տեղեկությունը, որը կարող է կյանք փրկել, իսկ դրան զուգահեռ աճում է նաև կեղծ և շփոթեցնող տեղեկության քանակը։  Այս առումով հաշմանդամություն ունեցող անձինք տարատեսակ կարիքներ ունեն, որոնք հաճախ չեն բավարարվում։ Ողջունում եմ այն փաստը, որ որոշ կառավարություններ, ինչպիսին է Ֆրանսիայի կառավարությունը, քայլեր են ձեռնարկել ստեղծելու հատուկ տեղեկությունների բաժին հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ կորոնավիրուսի մասին իրենց կայքէջում, և շատ կառավարություններ էլ ջանքեր են գործադրել՝ ապահովելու այդ տեղեկությունը հեշտ կարդացվող տարբերակով կամ ժեստերի լեզվով։ Օրինակ՝ Գերմանիայում, Իտալիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում հասանելի է նաև տնից դուրս գալու համար լրացվող թերթիկի հեշտ կարդացվող տարբերակը։ Այս ոլորտում ազգային ՀԿ-ների կողմից կատարվող մեծ աշխատանքը պետք է աջակցություն ստանա և զարգանա հաղորդակցման հասանելի բոլոր ուղիներով։