Ուսուցիչների նվազագույն աշխատավարձի վերաբերյալ վարչապետի պնդումների հետքերով․ fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով ուսուցիչներին պարգևավճարներ տալու և աշխատավարձերը բարձրացնելու մասին հարցին, նշել էր, որ ուսուցիչների նվազագույն աշխատավարձը դարձել է 108 հազար դրամ։

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2020 թվականի հունվարի մեկից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը շուրջ 10 տոկոսով բարձրացել էր»,- հայտարարել էր վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, սակայն, մանիպուլյատիվ է։ Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շահարկումների առարկա է դարձել մի քանի անգամ։ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է այս թեմային նաև նախկինում։

Այսպես, պնդումը, թե 2019-ի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 10 տոկոսով, համապատասխանում է իրականությանը։ Խնդրահարույց է Փաշինյանի մյուս պնդումը՝ ուսուցիչների նվազագույն աշխատավարձի՝ 108 հազար դրամ լինելու վերաբերյալ։ Բանն այն է, որ 108 հազար դրամ դարձել է մեկ դրույքի նազագույն չափը։ Մինչդեռ, Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների 40 տոկոսից էլ քիչն է ստանում մեկ կամ ավելի դրույք աշխատավարձ։ Ուսուցիչների մեծամասնությունը ստանում է 0․25-ից մինչև 0․75 դրույքաչափով աշխատավարձ։

Այսպես, 2019 թվականի ավարտի տվյալների համաձայն՝ հանրապետության դպրոցներում աշխատում է 31,371 ուսուցիչ։ Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ մեզ տրամադրած տվյալների՝ նրանից միայն 11,800-ն է աշխատում մեկ ամբողջ դրույքով։ Հետևաբար՝ սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, ստանում է ուսուցիչների միայն մի մասը։ 

Դրույքաչափերի բարձրացումն ազդել է նաև մինչև մեկ դրույք աշխատող ուսուցիչների աշխատավարձի չափի վրա, սակայն նրանց նվազագույն աշխատավարձը, այդուհանդերձ, 108 հազար դրամ չի դարձել։

Հիշեցնենք նաև, որ նախքան աշխատավարձերի բարձրացումը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ 2020-ի հունվարից 108 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի, սակայն հետագայում նա փոխեց ձևակերպումը՝ ասելով, որ նվազագույն մեկ դրույքն է դառնում 108 հազար դրամ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, մանիպուլյատիվ է, քանի որ այդքան գումար ստանում են միայն մեկ դրույքով աշխատող ուսուցիչները։ 

fip.am

Անի Ավետիսյան