Նոր սպանություն բանակում

Այսօր հայտնի է դարձել, որ բանակում սպանության հերթական դեպքն է գրանցվել: Ընդ որում, դեպքը գրանցվել է դեռեւս հունվարի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, «հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը»:Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:Նշվում է նաեւ, որ սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին  ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, ուշագրավ է, որ չնայած սպանությունը տեղի է ունեցել Ղարաբաղում, սակայն, ԼՂՀ ՊԲ-ի պաշտոնական կայքում այդ մասին որեւէ հաղորդագրություն տեղադրված չէ, չնայած, ավանդաբար Ղարաբաղի բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին ԼՂՀ ՊԲ-ն մշտապես պաշտոնապես տեղեկացնում է այդ մասին: Ի դեպ, ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել միջադեպի կապակցությամբ, նշեց միայն հետեւյալը. «Առանց մեկնաբանությունների»: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայաստանում նշվում էր բանակի կազմավորման 20-ամյակը:
© Medialab.am