Կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում է թեստերի տեղայնացման արտադրության նախապատրաստական և ֆինանսակազմակերպչական հարցերը

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի արտադրությունը հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել, տեղեկացնում են մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտը բանակցում է մի շարք արտադրողների հետ։ Թեև այդ նյութերի պակաս աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ, և յուրաքանչյուր երկիր այսօր փորձում է լուծել իր ներքին պահանջարկը բավարարելու հարցը:

Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։

Նախաձեռնության նպատակն է լուծել մի քանի խնդիր․

1․ ստանալ  մատչելի ախտորոշիչ թեստեր

2․ կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով անխափան մատակարարում

3․ շահել ժամանակ, որն այս գործում կարևոր է:

Այս պահին ՀՀ կառավարությունը ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ  քննարկում է թեստերի տեղայնացման արտադրության նախապատրաստական և ֆինանսակազմակերպչական հարցերը։

Միաժամանակ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվում են ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքներ։

Հարկ է նշել, որ ինստիտուտն ունի արտադրությունը սկսելու գիտական և տեխնիկական բավարար ներուժ։ Հետազոտությունների մեծ մասում օգտագործվում են ՊՇՌ մեթոդները (այդ հետազոտությունները տպագրվում են միջազգային վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում և հանրամատչելի են)։ Ուստի այս կամ այն գիտական հետազոտության համար նոր թեստերի մշակումը և օպտիմիզացիան ինստիտուտի գիտական անձնակազմի ամենօրյա գործառույթներից մեկն է, և այդ փորձառությունը, անշուշտ, կապահովի արտադրության անխափան աշխատանքը։