Փետրվարի 10-ին տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը

Փետրվարի 10-ին տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը
Փետրվարի 10-ին տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը

Փետրվարի 10-ին, 16.30-ին Մոսկվա կինոթատրոնի առաջին հարկում տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխությանը նվիրված մամլո ասուլիս, որին 17.00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը: Մամլո ասուլիսին մասնակցում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը:

 

Հայտնի կդառնան «Նա/Նե» մրցանակաբաշխության արդյունքները

«Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվեց ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլև մրցանակների բազմազանությամբ: 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքից 24-ն այս տարի արժանացել են մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում:Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել է ևս յոթ հատուկ մրցանակ: Հաղթողները կարժանան Նա/Նե արծաթե արձանիկի և դրամական պարգևի:

Առաջին անգամ մրցույթին ներկայացված պատմություններն առցանց ընթերցելու, քվեարկելու և իրենց մրցանակակրին ընտրելու հնարավորություն ունեն նաև հանրության ներկայացուցիչները: Հենց այդ նպատակով ստեղծվել էր Նա/Նե բլոգը, ուր տեղադրվում էին բոլոր նյութերը: Անգամ մրցանակաբաշխության ընթացքում այցելելով Նա/Նե բլոգ (www.blog.britishcouncil.org/nane)` կարող են քվեարկել նախընտրած նյութի օգտին` սեղմելով Facebook-ի Like նշանը: Մրցանակաբաշխության ավարտին հայտնի կդառնա «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակի հաղթողը: Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր և մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին, իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սահմանել է երկու մրցանակ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով: Ուսանողական աշխատանքներն ուսումնասիրել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչները` լավագույնին արժանացնելով հատուկ մրցանակի: Իսկ Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականը լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին կտրամադրի մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am պարբերականում: «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հատուկ մրցանակ կշնորհի գենդերային նույնականացման և ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին: ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունը շնորհակալագիր կհանձնի այն լրատվամիջոցին, որը տարվա ընթացքում լավագույնս է լուսաբանել գենդերային հարցերը:

«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:  Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ: «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Նյութերը պետք է անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից: