Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած մարզում իրավիճակը վերահսկելի է։
«Սիրելի բարեկամներ,
Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված է 188 անձ։
Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։
Զուգահեռաբար մեր բնակիչները սկսել են գրանցվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի համար։ Խնդրում եմ ակտիվ եղեք այս ուղղությամբ, և եթե խնդիրներ ունեք, կապվեք մարզպետարանի թեժ գծին, կամ ուղղակի գրեք մեզ ցանկացած եղանակով։
Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։
Հաջորդ կարևորագույն ուղղությունը Տավուշի տնտեսական զարգացման տեմպերի ապահովումն է, այդ թվում Կառավարության կողմից հայտարարված տնտեսական խթանման ծրագրերին մասնակցությանն աջակցելը։ Խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ լինել և դիմել Կառավարության աջակցության ծրագրերին, կամ դիմել մարզպետարան՝ ցանկացած եղանակով։
Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ։ Առողջ եղեք»։