Բարով եկար, սիրուն տաքսի

Բարով եկար, սիրուն տաքսի
Բարով եկար, սիրուն տաքսի

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը «դերվիշի» կերպարանքով դուրս է եկել հանրության մեջ, նրան մոտիկից լսելու համար: Նա հանդերձավորվել է որպես տաքսու վարորդ, որպեսզի առաջին ձեռքից տեղեկանա հասարակության խնդիրների, մտորումների մասին:

Նորվեգիայի վարչապետի այս քայլը հատկապես ուշագրավ է օրերս Հայաստանի վարչապետի մի արարքի ֆոնին՝ Տիգրան Սարգսյանը մերձիշխանական երիտասարդության ամառային ճամբարում պանդխտության երգն էր երգում՝ Կռունկը:

Չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանն էլ առաջիկայում հանդերձավորվի որպես արտագաղթող, Հայաստանի անվտանգությանը սպառնացող այդ երեւույթին այսպես ասած առաջին ձեռքից ծանոթանալու համար: Առայժմ Հայաստանի վարչապետն ընդամենը երգում է: Թեեւ, գուցե արդեն երգում է:

Հայաստանի շատ քաղաքացիներ կասեն, որ ուզում են նորվեգացի վարչապետի նման կառավարության ղեկավար, կամ նույնիսկ նախագահ, որը կփորձի մտնել հասարակության դրության մեջ, ոչ թե կգա, կլսի, հետո կնստի մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ մեքենան, ու գրեթե նույն արժեքով թիկնապահական շարասյան հետ կհեռանա:

Հանրության մի մասն էլ կասի, որ նորվեգացու արածն ուղղակի այլասերված Եվրոպայի մի դրվագ է, որով ուզում են պարզել, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի համասեռամոլության կամ ինցեստի հանդեպ:

Այսպես թե այնպես, Հայաստանում դժվար է պատկերացնել, որ վարչապետը կամ նախագահը հանդերձավորվեն ինչ որ շարքային կերպարանքով ու մտնեն հասարակության մեջ: Դժվար է պատկերացնել ոչ այն պատճառով, որ Հայաստանի հասարակությունը «Թագավորն ու չարչին» կարդացած կամ լսած հասարակություն է:

Պարզապես, Նորվեգիայում հասարակության մեծ մասն իր վարչապետին երեւի չի ճանաչում թե անունով, թե դեմքով, թե ձայնով: Դրա համար էլ այնտեղ վարչապետը կարող է հանդերձավորվել իբրեւ տաքսիստ: Հայաստանում վարչապետը կարող է հանդերձավորվել իբրեւ վարչապետ, իսկ առավելագույնը՝ իբրեւ նախագահ, իսկ նախագահն էլ՝ իբրեւ վարչապետ: Բայց երկուսի համար էլ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է հանդերձավորվել իբրեւ տաքսիստ:

Հայաստանի քաղաքականացված քաղաքացին «ղեկավարությանը գիտե դեմքով»: Դա գալիս է դեռեւս խորհրդային ժամանակներից:

Այնպես որ, կճանաչեն, հաստատ կճանաչեն, նույնիսկ եթե ոչ մի ձայն էլ չհանի վարորդը, միեւնույն է, փողը վերցնելու ձեւից, տեմպից, թափից կճանաչեն: Էլ չասած, որ կարող է հանկարծ «տաքսիստը» չդիմանալ ու փողից բացի նաեւ հարկ եւ տուրք ուզել: Կարդալ ավելին