«ԵԽ բանաձևում Խաղաղապահ նոր առաքելության վերաբերյալ կետը գեղեցիկ ձևակերպում է, որը ռեալ պոլիտիկի հետ ոչ մի կապ չունի». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, նախօրեին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը, որը վերաբերում է Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամին, ինչպե՞ս եք գնահատում՝ ընդհանուր շեշտադրումները նկատի ունենալով։

– Ամենևին չեմ նսեմացնում այդ փաստաթղթի քաղաքական նշանակությունը, որովհետև դրանում բավական օբյեկտիվ ձևակերպումներ կան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մյուս կողմից՝ ես այն գործիչների շարքին եմ պատկանում, որ ռեալիստ են, ու միայն բուն տեքստով չեմ սահմանափակվում, այլ դիտարկում եմ նաև այն ընդհանուր համատեքստը, որում ծնվել է այդ տեքստը։

Արձանագրենք, որ այդ բանաձևն ունի խորհրդատվական նշանակություն, այսինքն՝ պետք չէ պատրանքներ ունենալ, թե դրանք ամբողջության մեջ դառնալու են Եվրահանձնաժողովի քաղաքականության հիմք։

Երկրորդը՝ այնտեղ շատ օբյեկտիվ շարադրված են ադրբեջանական ագրեսիայի նկարագրությունը, հետևանքները, նաև ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը, ինչը ևս օբյեկտիվ է, բայց այսքանով հանդերձ որևէ հիշատակում չկա, օրինակ՝ Եվրահանձնաժողովի մասին, որի նախագահը Իլհամ Ալիևին համարում է հուսալի գործընկեր ու վերջինիս հետ անցած մեկ-մեկուկես տարվա ընթացքում կնքել է երկու ռազմավարական համագործակցության փաստաթուղթ։

Ինչու եմ սա ասում, որովհետև Եվրահանձնաժողովը ձևավորվում է հենց Եվրախորհրդարանի կողմից, ու տարօրինակ է գնահատականներ տալ, թեկուզ օբյեկտիվ, այլ դերակատարների ու հրաժարվել գնահատական տալ մի մարմնի, որը ձևավորում ես դու, այլ խոսքով՝ հնարավոր չէ մի ձեռքով համագործակցել Ալիևի հետ, մյուսով դատապարտել նրան։

Բացի այդ, այնտեղ որևէ հիշատակում չկա այն մասին, որ, եթե, օրինակ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանը չվերացնի, ապա դրան կհետևի, ենթադրենք՝ Եվրահանձնաժողովի ու Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթերի չեղարկումը կամ պատժամիջոցների կիրառումը։

Եթե չկան նման ձևակերպումներ կամ հղումներ, նշանակում է Ադրբեջանի առջև քաղաքական պատասխանատվության խնդիր չի դրվել, այս իմաստով փաստաթղթի կիրառականությունը կորցնում է իր քաղաքական նշանակությունը։

Ինձ մոտ նաև տպավորություն կա, որ ադրբեջանական պատրվակով փորձ է արվում հարվածել ռուսական խաղաղապահությանը։ Ենթադրենք՝ լավ են անում, իրենց շահերից է բխում, ռուս խաղաղապահներն էլ առիթը տվել են, բայց եթե դրանով հանդերձ չի ֆիքսվում Ադրբեջանի պատասխանատվության հանգամանքը, կարող է, օրինակ՝ հիմքեր ստեղծվել, որ մեր անվտանգային շահերի հաշվին Եվրամիությունը լուծում է իր խնդիրը, մյուս կողմից՝ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի ու Ռուսաստանի նոր՝ ստվերային պայմանավորվածությունների համար։

– Բանաձևով ընդգծվում է, որ «ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով ռուս խաղաղապահների փոխարինման շուրջ պետք է հրատապ բանակցություններ վարվեն»։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ նման քննարկում կսկսվի։

– Վերևում նշածս իրադրությունների համատեքստում, իհարկե, դա իրատեսական չէ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարող կոնսենսուսի գալ խաղաղապահ նոր առաքելության վերաբերյալ։ Մենք տեսանք, որ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահողի հայտարարության հարցում չեղավ այդպիսի կոնսենսուս։

Սրանք գեղեցիկ ձևակերպումներ են, որոնք ռեալ պոլիտիկի հետ ոչ մի կապ չունեն։ Հետևաբար, չնսեմացնելով այդ փաստաթղթի քաղաքական նշանակությունը, էյֆորիայի իմաստ բացարձակապես չեմ տեսնում։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ Լաչինի միջանցքի ճգնաժամն ինչպե՞ս կամ ո՞ւմ ջանքերով է վերացվելու։

– Այդ ճգնաժամի պատմության մեջ ամենակարևոր օրը հունվարի 18-ն էր, որովհետև այդ օրը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից միանշանակ հորդոր է հնչել Ադրբեջանին՝ բացել միջանցքը։ Դա արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսի ընթացքում, նաև՝ Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, դա արել է Բլինքենը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ու, վերջապես, դա արվել է Եվրախորհրդարանի ձեր նշած փաստաթղթում։

Իհարկե, մենք միջազգային կոնսոլիդացված ճնշման փաստի հետ գործ չունենք, բայց, այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ ինչ-որ սինքրոնացված ճնշում կա Ադրբեջանի նկատմամբ, գոնե իրար փոխլրացնող, եթե ոչ համաձայնեցված։

Բայց, ինչպես տեսնում ենք, քանի որ որևէ մեկը Ադրբեջանի համար քաղաքական պատասխանատվության խնդիր չի սահմանել, միջանցքը մնում է փակ։ Ես, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ կա Լաչինի միջանցքը բացելու խոսույթ, այդ միջանցքը տեսանելի ապագայում կբացվի, բայց մենք այլևս չենք ունենա այն ստատուս քվոն, որ կար մինչև միջանցքի փակման օրը։

Այնտեղ անպայման, ինչ-որ ձևով, չգիտեմ՝ մինիմաքսակետի կամ ինչ-որ սքաների ձևով ներկայություն կունենա Ադրբեջանը, այսինքն՝ մենք ականատես կլինենք բաց միջանցքի, որտեղ մեր նկատմամբ վերահսկողությունն ավելի ուժեղացված կլինի, որովհետև ռուսական ներկայությունից բացի՝ կունենանք նաև ադրբեջանական ներկայություն։

– Այսինքն՝ առանց իր ներկայությունը միջանցքում ապահովելու Ադրբեջանը չի՞ բացի ճանապարհը։

– Չի բացի՝ առանց Լաչինի ու Արցախի նկատմամբ իր վերահսկողությունն ուժեղացնելու։

– Սրա համա՞ր են առաջ քաշել թեզը, որի մասին նաև Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ էր ասել Բայրամովը, թե իբր Լաչինի միջանցքով ականներ ու այլ բաներ են տեղափոխվում։

– Իհարկե, հիմքեր են ստեղծում, որպեսզի իմ ասած այդ վերահսկողության ինստիտուտը ներդնեն, ու որքան այսօր տեղեկացա, իրենք դիմել են արբիտրաժ հանքերի շահագործման թեմայով, սրանով էլ հիմքեր են ստեղծում Արցախի ներքին կյանք թափանցելու համար։

– Իսկ Հայաստանի գործող իշխանությունը կարո՞ղ է անել այնպիսի քայլեր, որոնցով կկանխվի ադրբեջանական այդ ցանկությունների իրականացումը։

– Հայաստանի իշխանությունը ցանկություն էլ չունի ինչ-որ լուրջ բան անելու։ Մենք տեսնում ենք, որ բացի մի քանի դեկլարատիվ հայտարարություններից, գործնական որևէ բան չի արվում։

Մենք տեսնում ենք նաև մեկ այլ շատ տխուր բան․ այսօր, ցավոք սրտի, Բայրամովն էլ խոսեց դրա մասին, Հայաստանը վերջին մեկուկես ամսվա ընթացքում անում է մի բան՝ փախչել բանակցություններից։ Ես այս մասին դեռևս դեկտեմբերին ձեզ տված հարցազրույցում ասացի, որ ադրբեջանական կողմը օգտագործելու է այդ հանգամանքը՝ Հայաստանին բանակցություններից խուսափելու մեջ մեղադրելու համար։

– Պարո՛ն Սուրենյանց, ստացվում է, որ առկա հարցերը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցը, լուծելու են Ռուսաստանն ու Ադրբեջա՞նը։

– Հիմնականում այո՛, որովհետև գետնի վրա իրենք ազդեցություն ունեն, բայց բոլոր դերակատարներն էլ այստեղ իրենց նշանակությունը ունենալու են՝ ԱՄՆ-ն էլ, Եվրամիությունն էլ, ցավոք սրտի, ամենաքիչ դերակատարությունն ունի Հայաստանը։

– Ինչո՞ւ, որովհետև ցանկության պակա՞ս կա, ինչպես ասացիք, թե՞ այլ պատճառ է առկա։

– Հայաստանի իշխանության օրակարգի բացակայությունը՝ մեկ, պատերազմից հետո Հայաստանի սուբյեկտության էական անկումը և կարողությունների սահմանափակումը՝ երկու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am