Հայկ Մարությանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.

Հարգելի պարոն Հարությունյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ նախօրեին կայացած ընտրություններում գրանցած տպավորիչ արդյունքների և Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ Արցախում բնակվող մեր հայրենակիցները, ինչպես միշտ, կարևորում են միասնականության ու պետության ամրության գաղափարը։

Իմ ու երևանցիների անունից մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություն Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում՝ հանուն Արցախ աշխարհի անվտանգության և բարեկեցության։

Վստահ եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև բազմակողմանի կապերը այսուհետ է՛լ ավելի կընդլայնվեն ու կխորանան։

Խաղաղություն մեզ, և Աստված օգնական։