COVID-19-ը չի շրջանցել նաև անշարժ գույքի շուկան. ի՞նչ միտումներ են նկատվում

Հայաստանում տարածված կորոնավիրուսն ազդել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, անմասն չի մնացել նաև անշարժ գույքի ոլորտը․ նվազել են կատարված գործարքները, սակայն գների անկում չի նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, երկրում հաստատված արտակարգ դրությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել և շարունակում ունենալ անշարժ գույքի ոլորտի վրա։ – Սույն թվականի մարտի 16-ից երկրում հաստատված արտակարգ դրությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել և դեռևս կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, այդ թվում նաև՝ անշարժ գույքի շուկայի։ Ներկայումս արձանագրում ենք միայն անշարժ գույքի նկատմամբ իրականցվող գործարքների քանակների նվազում, սակայն եթե մի քանի ամիս ևս արձանագրենք գործարքների քանակների նվազում, ապա կսկսեն նվազել նաև անշարժ գույքի գները։ 

– Ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։– Ստեղծված իրավիճակում Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում փորձում է իրականացնել հնարավորը, որ անշարժ գույքի շուկան շարունակի գործել հնարավորինս բնականոն պայմաններում։ Չնայած, համաձայն պարետի որոշման, ներկայումս կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները չեն աշխատում, սակայն Կոմիտեն յուրաքանչյուր դիմումատուի ընձեռել է հնարավորություն ցանկացած տեսակի դիմում ներկայացնել կոմիտեի առցանց էլեկտկտրոնային հարթակի միջոցով։ Կոմիտե ներկայացված յուրաքանչյուր դիմում բավարարվում է սահմանված ժամկետներում՝ առանց ուշացումների։ Բացի այդ դիմումներն առցանց ներկայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նպատակով կոմիտեում գործում է թեժ գիծ, որի միջոցով կոմիտեի մասնագետները մեթոդական աջակցություն են ցուցաբերում առցանց դիմումներ ներկայացնելու ցանկություն ունեցողներին։