ՄԻՊ . «Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, քարերով արտահայտել իր անհամաձայնությունը»

ՄԻՊ . «Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, քարերով արտահայտել իր անհամաձայնությունը»
ՄԻՊ . «Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, քարերով արտահայտել իր անհամաձայնությունը»

«Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին քարերով արտահայտել իր անհամաձայնությունը: Չի կարող մեր քրիստոնեական հավատամքով, սահմանադրական արժեքներով և օրենքի տառով գործող իրավապահը անտարբեր լինել նման անընդունելի հարձակման դեպքում և շուտափույթ չբացահայտել ու չպատժել կատարված հանցագործության մեղավորներին»:
Այսօր նման հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքենրի պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալմանը ինչպես Գյումրի, այնպես էլ Վանաձոր քաղաքներում:

«Ես դեմ է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝ հատկապես ներկա իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամենուրեք դրսևորում են ատելություն մեր նկատմամբ, հատկապես վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսևորմամբ զարմացրեց և զայրացրեց շատ եվրոպացիների»,- հայտարարել է Անդրեասյանը:

Բայց նա նաեւ հայերին տեսնում է որպես եվրոպացի ու քրիստոնյա ազգ, որի արժեքները միշտ ուղղորդված պետք է լինեն դեպի մարդասիրություն և հանդուրժողականություն: Անդրեասյանը նաեւ դեմ է, որ իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ուղղությամբ քարեր նետելով, հայհոյելով, գույքը վնասելով և մարդկանց վնասելով արգելեն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումը Հայաստանում:

«Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ: Բռնությունը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

© Medialab.am