«Ընկերները գոռացել են՝ Գուգա՛րք, քեզ հեսա կխփեն, չի վախեցել, սատկացնում էր դրանց մի այլ կարգի»․ ծնողները՝ ապրելով որդու հուշերով

«Չենք հանգստանում, ոչ մեկը չի հասկանում՝ ինչ ա մեզ հետ կատարվում, տեղներս չենք գտնում»,- հուզմունքով ասում է 40-ամյա Ռուզան Մարիկյանը, որը 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման ժամանակ, կորցրել է որդուն։

Գուգարք Օհանյանը մեկ տարի վեց ամիս էր, ինչ ծառայության էր անցել Գորիսում։ 2022-ի սեպտեմբերի 13-ի Իշխանասարում մասնակցել է հակառակորդի դեմ թեժ մարտերին։ Ոտքից վիրավորվելով՝ դիրքերից չի իջել, շարունակել է կռիվը։ Հայտնվելով դիպուկահարների շրջափակման մեջ՝ Գուգարքը զոհվել է։

«Ընկերները պատմում են, որ աղոթել են, պառկել են, մեկ էլ դմբոց են լսել, մտածել են՝ զինավարժություններ են անում, հագնվել են, հասկացել են, որ զինավարժության բան չի, ձայներն ուժգնացել են։ Ասում են՝ Գուգարքը դուրս ա եկել ու ասել՝ «տղե՛րք մենակ տեսնեք, թե ինչ գելեր են առաջ գալիս, արա՛, չվախենաք»։ Ընկերոջ ձեռքից վերցրել ա գնդացիրը [ПК], էդ պահին սատկացրել ա մի քանի թուրքի։ 

Ընկերները գոռացել են՝ Գուգա՛րք, քեզ հեսա կխփեն, բայց Գուգարքը չի վախեցել, ասել ա՝ թուրք շներն ովքե՛ր են։ Մեկ էլ տեսել են՝ 50-70 հոգի առաջ են գալիս, ասում են՝ Գուգարքը սատկացնում էր մի այլ կարգի։ Հետո տղաները վիրավորվել են, Գուգարքն իրանց իջացրել ա, բայց ինքը նորից բարձրացել ա: Իրան ասել են՝ հնար չկա, էդքանի դեմ ի՞նչ պիտի անենք, մի գնա, ասել ա՝ ես վրեժ ունեմ, ես չեմ կարա, երեք հոգով են դիրքը պահել, 3-ից 2-ը զոհվել են՝ որից մեկը տղես»։

Որդեկորույս մայրն ասում է՝ տղան շատ հայրենասեր էր, փորձել է անգամ 44-օրյա պատերազմին մասնակցել, բայց քանի որ ծառայելու տարիքը դեռ չէր հասել, չեն թույլատրել։ Պատերազմի ժամանակ կորցրել էր իր մտերիմ ընկերոջը` Սամադ Ալոյանին ու, այդ վրեժով լցված, սեպտեմբերի 13-ին կռվել է թշնամու դեմ։ 

Օհանյանները մեկ շաբաթ որդուց լուր չեն ունեցել, և միայն զոհվելուց 7 օր անց Գուգարքի մարմինը գտնվել է։

«Ամուսինս Գորիսից չէր գալիս, հիվանդանոց չմնաց, որ չփնտրեր։ Ամբողջ գյուղը, ոտքի կանգնած, իրան էր ման գալիս։ Սեպտեմբերի 13-21-ը բան չէի ուտում, աղոթում էի, հետո Աստծուն դիմեցի, ասեցի՝ էլ չեմ դիմանում, տեսնում ես՝ ինչ վիճակում ենք, աս՝ տեսնեմ ի՞նչ եղավ էրեխեն, մեկ էլ սեպտեմբերի 21-ին չարաբաստիկ լուրը լսեցի»,- հուզվում է մայրը։

Այդ պահից սկսած որդեկորույս մայրն ասում է՝ «երկինքը փլվեց գլխիս, էլ ոչ մի բան աչքիս չի գալիս»։

Մայրն ասում է՝ որդին բնավորությամբ շատ հաստատակամ էր, միտքը երբեք չէր փոխում․ «Եթե ասում էր՝ սենց պիտի անեմ, սենց պիտի աներ, փոփոխական չէր, երևի փոփոխական լիներ, լսեր կողքիներին, կփրկվեր»,- ասում է ու հուզվում Ռուզանը։

Ռուզանն ասում է՝ Գուգարքը շատ նպատակներ ու ծրագրեր ուներ, ութ ամիս սովորել էր Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, որոշել էր զորացրվելուց հետո կրթությունը շարունակել Երևանի պետական համալսարանում։ Սովորելուն զուգահեռ ցանկանում էր օգնել ծնողներին, նրանց հոգսը կիսել։

«Ասում էր՝ պա՛պ ջան, կգամ հեռակա կփոխեմ գործերս, քեզ էլ թիկունք կկանգնեմ, կօգնեմ քո գործում, հայրը մսագործ էր, ոտի կկանգենք: Ես էլ տանը կիսաֆաբրիկատներ էի սարքում, ասում էր՝ մա՛մ ջան, մի՛ մտածի, ես որ եկա, ամեն ինչ տեղն եմ գցելու։ Մեր թիկունքից գնաց, մեր ամեն ինչն էր Գուգարքը»,- ցավով ասում է մայրը։

Գուգարք Օհանյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի փողոցներից մեկն էլ վերանվանվել է Գուգարքի անունով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am