«Միշելը կլինի, Շառլ դը Գոլը, թե մեկ ուրիշը, միևնույն է՝ արցախահայությունն ամեն ինչ անելու է, որ մեր ինքնորոշման, մայր հայրենիքին միանալու իրավունքը միջազգայնորեն ամրագրվի». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, խորհրդարանական խմբակցությունների տարածած հայտարարությունից պարզ է արդեն, թե ինչ դիրքորոշում ունեք բրյուսելյան եռակողմ հանդիպման ու Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, հետևաբար կխնդրեմ ասեք՝ ի՞նչ տրամադրություններ են Արցախում, արցախցին ի՞նչ է մտածում կատարվողի վերաբերյալ։

– Ընդհանուր բանակցությունների համատեքստում՝ ազդակները, որ եկան Բրյուսելից, մեր ժողովրդի մեջ զայրույթի, հուսահատության, անելանելիության, ինչպես նաև ելքեր գտնելու ու վճռական ո՛չ ասելու տրամադրություններ ձևավորեցին, ինչի ընդհանուր արտացոլանքն էր խորհրդարանի չորս խմբակցությունների կողմից ներկայացված համատեղ հայտարարությունը։

Արցախյան հիմնախնդրի պատմությունը սկսվել է նախորդ դարի 20-ականներից, երբ Լեռնային Ղարաբաղը պոկեցին մայր հայրենիքից ու նվիրաբերեցին Ադրբեջանին՝ մեծ ճարտարապետության հետևանքով։ Դա բնականաբար անդրադարձավ արցախահայության կենսակերպի վրա, և շատ երկար տարիներ արցախահայությունը հույս էր փայփայում, որ մի օր նորից պատմական արդարությունը կվերականգնվի, ու Արցախը կմիանա մայր հայրենիքին, ինչի ականատեսն ենք եղել մեր հասակակիցներով 88 թվականի Արցախյան շարժման ծնունդով, պայքարով ու արձանագրված արդյունքով՝ դե ֆակտո ազատ Արցախ։

Սակայն 2018-ի հայտնի դեպքերից հետո տեղի ունեցավ բանակցային գործընթացի ու, առհասարակ, քաղաքականության փոփոխություն թե՛ ներսի, թե՛ արտաքին ուժերի ազդեցության տակ, ունեցանք 20 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմ, որը պարտվեցինք, ու մեզ պարտադրվեց մի փաստաթուղթ, ինչը ստորագրեց Հայաստանի ներկայիս իշխանությունը, ու հիմա քաղում ենք այդ փաստաթղթի դառը պտուղները։

Միգուցե միջազգային հանրությունը, մեծ-մեծ ուժեր իրենց շահեկան լույսի ներքո փորձում են ստիպել, որպեսզի արցախահայությունը համակերպվի իր անկախության կորստի հետ, սակայն Արցախի ժողովուրդը վճռականորեն դեմ է այդ ճնշումներին, քանի որ այն օրակարգը, որը հիմա փորձում են պարտադրել, այստեղ անընդունելի է, և, ցավալիորեն, այդ «խաղաղության օրակարգը», որը պարտադրվում է, Հայաստանի իշխող ուժը փորձում է առաջ տանել, ինչո՞ւ է այդպես:

Դա կպարզվի, երբ իշխանափոխություն տեղի ունենա, կամ գա մի վիճակ, երբ ազնվորեն կբացահայտվեն այս ողբերգության բոլոր հանգամանքները։ Միշելը կլինի, Շառլ դը Գոլը կլինի թե մեկ ուրիշը, միևնույն է՝ արցախահայությունը, հայությունն առհասարակ, իր նվիրական իղձը պահելու է ու ամեն ինչ անելու է, որպեսզի մեր ինքնորոշման, անկախություն ստանալու, մայր հայրենիքին միանալու իրավունքը միջազգայնորեն ամրագրվի։

– Անվտանգության խորհրդի հրատապ նիստի պահանջով դիմել եք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Պատճառը ո՞րն է, ու ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Բրյուսելյան հանդիպումից հետո, երբ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, տրամաբանական է, որ Արցախի խորհրդարանական ուժերը պահանջեին Անվտանգության խորհրդի նիստ, որպեսզի կարողանանք հասկանալ, թե մենք ի՞նչ հնարավորություններ, ճանապարհային ինչպիսի՞ քարտեզ պետք է գծենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի դիմակայելու, դիմագրավելու այն հնարավոր ճնշումներին կամ սպառնալիքներին, որոնք կարող են ուղղակիորեն պարտադրվել արցախահայությանը։

– Պարո՛ն Հովհաննիսյան, կոնկրետ Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահի, Արցախի ապագայի ինչպիսի՞ պատկերացում, տեսլական ունի։ Հայաստանի իշխող ուժը վստահեցնում է, որ Արցախի շուրջ ընթացող ցանկացած գործընթացից տեղյակ են նաև Արցախի քաղաքական ուժերը։ Ստացվում է, որ տեղյակ չե՞ք, եթե Անվտանգության խորհրդի նիստ եք պահանջում կամ դժգոհ եք բրյուսելյան պայմանավորվածություններից։

– Այդ հարցը, կարծում եմ, քննարկվելու է Անվտանգության խորհրդի նիստում՝ բաց, ազատ, ազնվորեն, ու հասկանալու ենք թե՛ բանակցային ամբողջ գործընթացը ու թե՛ այն, որ Հայաստանի իշխանությունն ասում է, թե Արցախում տեղյակ են՝ ի՛նչ է բանակցվում։

– Կարո՞ղ ենք փաստել, որ գոնե խորհրդարանական ընդդիմությունը տեղյակ չէ՝ ինչ է բանակցվում։

– Համենայնդեպս մեր խմբակցությունը տեղեկացված չէ ու տեղեկություն չունի, թե ի՞նչ է քննարկվել Արցախի Հանրապետության նախագահի ու Հայաստանի գործող իշխանությունների միջև Արցախի հարցի վերաբերյալ։

– Իսկ գոնե ձեզ համար պա՞րզ է, թե Արցախի իշխանությունն ինչպե՛ս է տեսնում Արցախի ապագան։

– Եթե հետևենք նախագահի պաշտոնական հայտարարություններին, ինչպես նաև արտգործնախարարի հայտարարություններին, ապա հստակ է, որ իրենք պահում են կամ կփորձեն պահպանել այն գիծը, որը նշվեց ԱԺ-ի կողմից ապրիլի 14-ին արված հայտարարության տրամաբանության շրջանակներում։

Բայց այն, որ Հայաստանը կարծես թե ձեռքերը լվացել է Արցախի հիմնահարցից, և այն կցկտուր տեղեկությունները, որ ստանում ենք արտաքին խաղացողներից, այն է` որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսք չի ասվել, միայն խոսվել է Արցախում բնակվող էթնիկ հայերի գոյապահպանման երաշխիքների մասին, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հետ է կանգնում 30 տարվա այն ձեռքբերումներից ու ինձ համար անհասկանալի վարքագիծ է դրսևորում, արձանագրում են պարտությունը պարտությունից հետո։

– Իսկ Արցախի իշխանությունն ի՞նչ է անում, որ կանխի Հայաստանի իշխանության այն քայլերը, որոնց մասին վերևում ասացիք։

– Իշխանությունը, կարծում եմ՝ այնքան էլ մեծ գործիքակազմ չունի իր ձեռքի տակ, որպեսզի կարողանա ինչ-որ բան պարտադրել Հայաստանի ներկա իշխանությանը։ Եթե ազնվորեն ենք աշխատում իրար հետ, ապա այսօր Անվտանգության խորհրդի նիստում ու դրանից հետո երևի թե շատ-շատ հարցերի պատասխաններ ստանանք, որից հետո ժողովրդին տեսանելի ու հասկանալի կլինի՝ ի՞նչ է մեզ սպասում, ու ինչի՞ն պետք է պատրաստ լինենք։

– Պարո՛ն Հովհաննիսյան, որոշ մարդիկ տարակուսելի են համարում Արցախի խորհրդարանի՝ հայտարարություններով հանդես գալը, երբ խոսքը վերաբերում է Եվրամիության կամ Արևմուտքից հնչող հայտարարություններին, բայց, ինչպես նշում են այդ մարդիկ, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին, դուք՝ խորհրդարանական ուժերը, հայտարարություններով հանդես չեք գալիս, օրինակ՝ Փառուխի դեպքերի ժամանակ։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։

– Նոյեմբերի 9-ից հետո որպես խաղաղապահ ուժ ու արցախահայության անվտանգության երաշխավոր իր մեծ ներդրումն ունի Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։ Այդ զորակազմի առկայությունն է, որը հույս է տալիս արցախահայությանը , որ իրենց գոյապահպանմանը, գոնե այս պահին, վտանգ չի սպառնում։

Փառուխի դեպքերի մասով շահարկումները, քննարկումները հայաստանյան լրատվամիջոցներում ունեն որոշակի ուղղվածություն ու որոշակի աստառներ՝ փորձելու սրել իրավիճակն ու անվստահության մթնոլորտ ստեղծել ռուս խաղաղապահների նկատմամբ։ Փառուխում տեղի ունեցածը եղել է բաց բոլորի համար, Հայաստանից բազմաթիվ շահագրգիռ մարդիկ, ԶԼՄ-ներ եկել են Արցախ, տեղում ծանոթացել իրավիճակին ու եթե ինչ-որ բան նկատած լինեին՝ չեմ կարծում, թե չէին բարձրաձայնի։ Փառուխում տեղի ունեցածի մասին խոսվել է Արցախի խորհրդարանում, հարցերին տրվել է լիարժեք պատասխան։

– Այսինքն՝ անհի՞մն եք համարում այս, ըստ էության, մեղադրանքը, որ խորհրդարանական ուժերդ կողմնակալություն եք դրսևորում։

– Քննադատողներին, որոնք տեսնում են մեր կողմից կողմնակալություն, խորհուրդ եմ տալիս այցելել Արցախ, տեղում հանդիպել խորհրդարանականների հետ, Խրամորթի, Փառուխի, Քարագլխի դեպքերին ականատես մարդանց հետ, ուղղակիորեն հարցերն ուղղել այդ մարդկանց, իրենց կասկածները փարատեն ու գնան միասնականության ճանապարհով։

– Պարո՛ն Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։

– Այդ վիճակը լավ օրից չէ, ու այն սխալները, որոնք թույլ է տվել իշխանությունը, ստիպել են մարդկանց իրենց ընդվզումն արտահայտել։ Ու այն բոլոր հարցերը, որոնք ուղղված են իշխանություններին, օդից վերցված չեն, ու իշխանությունը պետք է պատասխանի դրանց։

– Կրկին որոշ շրջանակներ քննադատում են արցախահայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։ Կարծում եք արցախահայությունը պե՞տք է մասնակցություն ունենա այս գործընթացներին։

– Տրամաբանական է, որ Հայաստանի գործող իշխանությունը ընտրվել է ժողովրդի քվեի արդյունքում, որոնք մասնակցել են ընտրություններին։ Արցախահայության մասնակցությունը տեղի ունեցող շարժմանը տրամաբանական է, ու որևէ մեկը թող այլ աստառ ու երանգ չհաղորդի, որովհետև մարդիկ իրենց մաշկի վրա են զգում այն ամբողջ դառնությունն ու ցավը, որը պատել է անմիջապես իրենց։ Հիմա, եթե մարդը տուն ու հայրենիք է կորցրել, եկել է այդտեղ ու իր բողոքի ձայնն է բարձրացնում, սխա՞լ է։

– Քննադատողներն ասում են՝ թող Արցախի իշխանություններից պահանջեն, այնտեղ ներկայացնեն իրենց բողոքը։

– Տեղի իշխանություններին էլ են քննադատում, այստեղ էլ են ցույցեր եղել՝ կհիշեք։ Մարդիկ անելանելի վիճակի մեջ են, ի՞նչ պիտի անեն, ումի՞ց պահանջեն, հո չե՞ն գնալու, ասենք՝ Ավստրալիա ու այնտեղի իշխանություններից պահանջեն։ Բնական է՝ պահանջներ ներկայացնում են նրանց, ովքեր գտնվում են իշխանության ղեկին ու կառավարում են պետությունը։

– Երկու հայկական պետություններում իշխանափոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Արցախի Հանրապետությունում այդ անհրաժեշտությունը կա, ու դրանով է պայմանավորված, որ նաև գործող իշխանության ջանքերով նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխությունները, մշակվում է հայեցակարգ, որը կդրվի հանրաքվեի, ինչի արդյունքում էլ գնալու ենք նոր ընտրությունների, այսինքն՝ Արցախի մասով, կարծես, գտել ենք այդ հարցին տրամաբանական լուծում։

Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, ձևավորվեց իշխանություն, որը խոստացել էր անել ամենը ու ներկայացնել Արցախի շահերն ու իրավունքները միջազգային հարթակներում, բայց նրանց ներկա քայլերը ցույց են տալիս, որ այդ մարդիկ ուղղակիորեն ուրանում են իրենց խոստումները, որոնք անձամբ տվել էին։

– Ձեր խմբակցության անդամներից ոմանք ակտիվ մասնակցում են Երևանում տեղի ունեցող ցույցերին, դուք ինչո՞ւ չեք մասնակցում։

– Ես ևս մասնակցում եմ, եթե մասնակիցների շարքում չեմ, չի նշանակում, թե չեմ մասնակցում, ոմանք ֆիզիկական մասնակցություն ունեն, ոմանք էլ՝ այլ հնարավորություններով։

– Այդ պայքարով կհաջողի՞ հեռացնել Հայաստանի գործող իշխանությանը, պարո՛ն Հովհաննիսյան։

– Գուշակությունները քաղաքականության ոլորտի համար չեն, պայքարի արդյունքը ցույց կտա ամենը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am