Ինչպե՞ս է ոճիրը դառնում ցեղասպանություն

Մհեր Արշակյան

Տեղահանվածներից ոչ մեկը կույր չէր՝ ահա ցեղասպանության ողբերգությունը: Սպանությունը չէր, մայրերի ու նրանց դուստրերի բռնաբարությունը չէր ցեղասպանության հիմնական ողբերգությունը, այլ այն, որ ականատեսները կույր չէին, ողջ մնացածները կույր չէին: 

Երբ Սողոմոն Թեհլերյանի քրոջը քուրդ հանցագործը ապագա զոհերի շարքից հանում է ու տանում, մայրը բղավում է` կուրանան աչքերս: Թեհլերյանն անձամբ է տեսել, թե ինչպես կացնով ճեղքեցին փոքրիկ եղբոր գլուխը:

Եթե Թեհլերյանը կույր լիներ, գուցե Թալեաթն ապրեր: Կուրանալ՝ նշանակում է ազատվել ենթադրությունից, թե ոճրագործներն ինչ արեցին դստերդ կամ եղբորդ հետ: Բոլոր ողբերգությունները սարսափելի են հենց ականատեսների վկայությամբ: 

Էդգար Ալան Պոն մի վիպակ ունի` «Սպանություն Մորգ փողոցում»: «Մարդասպանը» դաժան հաշվեհարդար էր տեսել ոմն տիկին ԼʼԷսպանեի չամուսնացած դստեր՝ Քամիլլայի հետ:

Պարզվում է՝ մարդասպանը օրանգուտան է, կապիկ: Խուզարկու Դյուպենը վատ չի աշխատում դա բացահայտելու համար: Դեպքը վկա չուներ: Մարդիկ միայն կարող են երևակայել, թե ինչը ինչպես է տեղի ունեցել: Բոլոր հարևանները, ամբողջ Փարիզը սարսափած են, բայց, ի վերջո, անցնում են իրենց գործին: 

Գազանը մարդու մեջ է, դրանից ոչ մեկը չի կարող փախչել, սակայն երբ այն վկա ունի, մյուսը դադարում է լինել գազան: Այդ պահից արարքը հիշվում է որպես գազանություն: 

Մարդուն պատմեք բոլոր սարսափները: Դրանք ինքնին ոչինչ չեն նշանակում: Սարսափները մնում են միայն այն աչքերում, որոնք դրանք տեսել են: 

Կոմիտասը այն մարդկանցից էր, որի աչքերը «կուրացան»: Նա չի զրկվել բանականությունից: Ուղղակի այդ ամենը տեսնելուց հետո ավելորդ էր լինել մյուսների նման: Նա չլռեց, նա չհրաժարվեց այս աշխարհից, նա չբացակայեց: Բայց նա դադարեց լինել մարդկանցից մեկը: Սա Սևակի հասկանալու բանը չէր: Որովհետև հասկանալուց հետո խոսելդ չի գա: 

Հայոց ցեղասպանությունը միշտ է ժխտվելու: Որովհետև ընդունելը, ընկերներ, չի երաշխավորում դրա չկրկնվելը: Պետք չէ թուրք լինել սպանելու համար: Սպանել կարող են բոլորը:

Առյուծը գազան չէ, որովհետև մեկ այլ առյուծ կամ նույնիսկ եղնիկ չի կարող ձևակերպել, բացատրել, արդարացնել կամ դատապարտել նրա արարքը: Առյուծը չի բռնաբարում: Եվ նրա մտքով էլ չի անցնի սպանել վկային: Գազանը մարդն է և նույնիսկ շան աչքերը կարող են ասել այդ մասին: Որովհետև մարդը մեթոդ ունի:

Միայն մարդը կարող է կառուցել կենդանաբանական այգի, կենդանիներին փակել վանդակների մեջ ու այն անվանել գազանանոց։ 

Մարդը սոսկ սպանությունը չէ, մարդը նույնիսկ ծրագրված սպանությունը չէ: Մարդը սպանության «գեղագիտությունն» է: Թուրքերը ձեռագիր են ունեցել սպանելիս: Ձեռագիր ունեցող սպանությունը կոչվում է ոճիր: Գերմանացիները, օրինակ՝ այդքան էլ ձեռագիր չունեին, նրանք ունեին միայն մեթոդ: Որովհետև կատակ բան չէ 6 միլիոնի հետ «հաշիվ մաքրելը»: Առանց մեթոդի չես կարող:

Գերմանացիները տեխնոլոգիապես «գրագետ» սպանեցին հրեաներին։ Տեխնոլոգիաները ոճիրը զրկում են իր ամենասարսափելի հատկությունից՝ կրքից։ Կամբոջայում բռնակալ Պոլ Պոտն իր ժողովրդին սպանելիս օգտվեց թուրքերի ձեռագրից և գերմանացիների մեթոդից։

Թուրքերը քաղաքական հարց էին լուծում հայերին ոչնչացնելով, բայց ո՞վ ասաց, որ նույնիսկ քուրդ «ժանդարմների» մեջ մեկը չի գտնվի, որ կսարսափի իր աչքի առաջ տեղի ունեցողից: Ահա թե ինչու է թուրք մարդը սարսափում ոճիրն ընդունելուց, նա վկաներից է սարսափում, ոչ թե իր արածից: Օրանգուտանը սպանելու է չիմանալով, թե ինչ է անում: Մարդը գիտի:

Թուրքը սարսափում է, որովհետև միլիոնավոր հայերի սպանել են միլիոնավորներ: Այդ օրից մարդկությունը չդադարեց սպանել, չդադարեց նույնիսկ իր արարքի համար վկաներ թողնել: Բայց նա լուծեց ամենակարևոր հարցը` պե՞տք է, որ մի ամբողջ ազգ մեղավոր լինի մեկ այլ ազգի սպանության համար: Պե՞տք է, որ սպանությունն ունենա ձեռագիր: Ո՛չ, պետք չէ:

Մի քանի հոգին էլ բավարար է մի ամբողջ ազգի սպանելու համար: Եվ պետք չէ բռնաբարել որևէ կնոջ, պետք չէ ապագա մայրերի որովայնից սվինով հանել մի քանի ամսական պտուղը: Պետք չէ հրացանի խզակոթով խփել Սողոմոն Թեհլերյանի գլխին ու համոզված լինել, որ նա մեռավ: 

Հիրոսիման ու Նագասակին պարարտ տողատակեր ունեն մարդկության այս նվաճումները պատմելու համար: Ատոմային ռումբը միլիոններին դարձրեց անմեղ, բայց դրանից այսուհետև հաստատ չեն պակասի զոհերը:

Մհեր Արշակյան

MediaLab.am