Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։

«Ձերդ Գերազանցություն,

Հարգելի գործընկերներ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին:Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումըբոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարիկոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստիմարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։

Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։

Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։

Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնքիրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»:

Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ,

Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից:

Օգտվելով առիթից՝ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել էապրիլի 14-ին:

Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր»:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։