«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման համար հարուցվել է քրգործ

Քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն:

Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ:

Մասնավորապես,
☑️ Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,
☑️խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,
☑️ առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,
☑️ խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում…) հարուցվել է քրեական գործ: