ՀՀ-ն պարտավորություն ունի ցեղասպանության կանխարգելման օրակարգում ներդրում ունենալու. Մնացականյան

Հայաստանի Հանրապետությունը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ցեղասպանության կանխարգելման օրակարգում ներդրում ունենալու պարտավորություն ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Դա գուցե հանցագործություն է, որը շատ հաճախ չի իրագործվում, բայց դրա հետևանքներն այնքան խորն են, որ դրա կանխարգելումը չափազանց կարևոր ազգային և միջազգային օրակարգի հարց է: Եվ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ունենք այդ պարտավորությունը՝ առաջ տանելու այդ օրակարգը՝ որպես պետություն, որպես միջազգային համայնքի անդամ, որպես պետությունների ընտանիքի անդամ, ՄԱԿ-ի անդամ: Մենք պարտավորություն ունենք առաջ տանելու և մեր կողմից մեր ներդրումն ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ:

Եվ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը կարևորագույն օրակարգային հարցերից մեկն է, և հետևողական աշխատանքի առարկա է»,- ասել է Մնացականյանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն արդեն քսաներկու տարի է, ինչ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ է տանում ցեղասպանությունների, ոճիրների, զանգվածային ոճրագործությունների կանխարգելման  օրակարգը:

«1998թ. մեր լուսահոգի բարեկամ և գործընկեր Աշոտ Մելիք-Շահնազարյանն առաջին անգամ նախաձեռնեց, որ ՄԱԿ-ում ընդունվի բանաձև՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային։ Բանաձև ընդունվեց, որը հիշատակում էր 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիայի հիսունամյակը. այդ պահից է սկսում Հայաստանի դիվանագիտության աշխատանքը՝ խորացնելու, ամրապնդելու կանխարգելման օրակարգը միջազգային օրակարգում:

Արդեն 2008թ. մենք բանաձևը վերադասավորում ենք այնպես, որ ուշադրությունը տրվում է կանխարգելման օրակարգին, սկսում ենք խորացնել այդ գաղափարախոսությունը և մեր ներդրումն ունենալ՝ ուժեղացնելու կարողությունները, միջազգային համագործակցության գործիքակազմը, իրավական, գործնական բոլոր այն հնարավոր գործիքակազմը, որն ուղղված է կոնկրետ ցեղասպանությունների կանխարգելմանը»,- նշել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` ցեղասպանության վտանգն այսօր էլ աշխարհում չի վերացել։

«Այլևս երբեք» կարգախոսը բավական տարածված է, բայց քանի՞ անգամ պետք է ասենք՝ «Այլևս երբեք», որովհետև ցեղասպանությունները չեն վերացվել, ցեղասպանության վտանգը չի վերացվել. այն սկսում է ատելությունից, ատելության խոսքից, մարդու իրավունքների խախտումներից, խտրականությունից, և դրա ծավալումը բերում է ցեղասպանության հանցագործության իրականացմանը:

Ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, վաղ շրջանում տեսնել այն միտումները, որոնք եթե չկանխվեն, կարող են արդեն հանգեցնել ոճրագործության: Եվ այդ առումով է, որ մենք շարունակաբար աշխատում ենք միջազգային հանրության մեր բազմաթիվ գործընկերների հետ, լինեն դա պետություններ, փորձագիտական խմբեր, ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմներ, տարբեր մարմիններ, ակադեմիական շրջանակներ. մենք բոլորս միասին համախմբում ենք այդ աշխատանքը՝ ուժեղացնելու կարողությունները»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարը հավելեցլ է որ կանխարգելումը սկսում է ազգային մակարդակից, բայց միջազգային համագործակցությունը չափազանց կարևոր է այդ առումով:

«Մենք այս տարիների ընթացքում այստեղ՝ Հայաստանում, ստեղծել ենք միջազգային համագորրծակցության համար հարթակ, որը ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումն է: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը, որը տեղի կունենա դեկտեմբերին: Մենք Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, և մենք նախատեսում ենք մեր նորոգված բանաձևը կրկին ընդունել Մարդու իրավունքների խորհրդում: Շատ շուտով այդ գործընթացը կավարտվի»,- նշել է Մնացականյանը։