Այսօր Երեւանի կենդանաբանական այգում մեծ տոն է` տարեշրջանի պաշտոնական բացումը: Այդ մասին տեղակացնում է կենդաբանական այգու պաշտոնական կայքէջը:
«Կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով,-նշված է հաղորդագրության մեջ»:
Տոնական ժամանակացույցի համաձայն, մայիսի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգին իր դռները կբացի առավոտյան ժամը 9-ին եւ կաշխատի մինչ երեկոյան 19:00-ը:
Ըստ հաղորդագրության, այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները՝ Միկի Մաուսը, Սփունգ Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկսվեն ժամը 11-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը:
Բազմաթիվ միջոցառումների կողքին, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ կհանձնեն «Երկրի օրվա» շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» առաջին՝ այգում բնադրող թռչունների բների պատրաստման մրցույթի մասնակիցներին:
Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հինադրամի տաղավարում, օրինակ, կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, իսկ հաղթողներին կշնորհվեն մրցանակներ:
Առանձին տաղավարով ներկայացված Երևանի կենդանաբանական այգին իր` «Կենդանիների խնամակալություն» և «Կենդանաբանական այգու դպրոց» ծրագրերով այցելուններին համապարփակ տեղեկություններ կտրամադրի հետաքրքիր նախաձեռնությունների մասին:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի:
Երեւանի կենդաբանաբանական այգու հաղորդագրության համաձայն, վերջին տարվա ընթացքում մեկնարկած բարեփոխումներն արդեն իսկ տեսանելի են, ինչը ուղիղ ազդեցություն է ունեցել այցելուների աննախադեպ աճի վրա:
Ըստ վիճակագրության, եթե 2009-ին այգու այցելուների թիվը 135.000 էր, 2010-ին` 92.793, ապա անցյալ տարի այդ թիվն ավելացել է շուրջ երեքուկես անգամ` հասնելով 316.153-ի:
© Medialab.am