Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Էրիկ Գրիգորյանը

Աբովյան փողոցում գտնվող շենքերից մեկի բակի նկուղային հարկում 23-ամյա Էրիկ Գրիգորյանը բրոնզից քանդակներ է ստեղծում: Նրա սեղանին երկու անավարտ գործ կա, որ միաժամանակ է սկսել՝ «Սիրտը» և «Մարտիկը»: Քանդակագործ Նուռի արվեստանոց նա եկել է 2021 թվականին, երկու ամիս չարչարվել անարդյունք, ու երբ Նուռն ասել է՝ կարծես չի ստացվում, համառել է, որոշել, որ ստացվելու է: 

Մարդն է որոշում նյութի կիրառելիության ձևը՝ կա՛մ բրոնզից զենք կսարքես և հողին կհավասարեցնես ամենը, կա՛մ միտք կտաս բրոնզին ու քանդակ կստեղծես: Էրիկը, որ պատերազմի մասնակից է, երկրորդն է ընտրել: 

2020 թվականին նա ժամկետային զինծառայող էր Արցախի Մատաղիս-Թալիշ հատվածում, երբ հոկտեմբերի 24-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, կասետային ռումբի հարվածից վիրավորում ստացավ: 

«Սկզբում մտածում ես՝ ավելի լավ ա մեռնեմ, քան ոտքս կտրեն: Հետո հասկանում ես՝ կամք և ուժ ունես, սթափվում ես ու շարունակում ապրել: Ես չեմ հուսահատվել, երևի ընդամենը մի պահ, երբ բժշկին խնդրում էի ամեն գնով ոտքս փրկել»,- պատմում է Էրիկը, որ Շուշիից է: 

Էրիկը հիշում է, որ երբ հիվանդասենյակում պառկած էր, իր մոտ բերեցին վիրավոր հորը, որը կամավոր էր պատերազմի ժամանակ: Հակասական զգացողություններ ուներ այդ պահին, բայց ուրախ էր, որ հայրը կողքին էր, թեև վիրավորումները ծանր էին: 

Երկու ամիս անշարժ պառկելը մտածելու հնարավորություն է տալիս, բայց այդ պայմաններում մտածելը երբեմն ավելի շատ խոչընդոտ է, քան՝ օգնություն: 

Այդ պատճառով բացասական էմոցիաներից ազատվելու համար եղբորը խնդրել էր ծանրաքարեր բերել, որոնցով մարզվում էր վերականգնողական փուլն ավելի արագ հաղթահարելու համար: 

Սկզբում հենակների օգնությամբ, այնուհետև արդեն պրոթեզավորումից հետո քայլ առ քայլ սկսեց բնականոն կյանք վերադառնալ: Մինչև արվեստանոցում հայտնվելը ինչ ասես որ չի արել՝ կահույքի արտադրամասում բանվոր էր աշխատում, վեբ դիզայն էր սովորում, փորձում էր ուժերը ծրագրավորման մեջ: 

Ոչինչ չէր ստացվում, մինչև մի օր հերթական փնտրտուքն ավարտվեց ֆեյսբուքյան մի էջում, որից էլ իմացավ արվեստանոցի մասին:  

«Հիմա որ հիշում եմ, ծիծաղս գալիս ա, որովհետև երբ եկա արվեստանոց, իրոք չգիտեի՝ ուր եմ եկել, քանդակագործությունը՝ ուր, ես՝ ուր: Ինձ թվաց՝ ինչ-որ դիզայներական բան եմ սովորելու, բայց որ Նուռը բացատրեց ինչն ինչոց ա, մտածեցի՝ փորձեմ»: 

Սկզբում ամեն բան այնքան վատ էր, որ նորից մտածեց, թե սա էլ իրենը չէ, բայց քանդակը համառություն է պահանջում, և Էրիկը դա շատ արագ հասկացավ: Մի օր ուսուցչին պատմեց մի գաղափարի մասին, որն էլ դարձավ իր առաջին քանդակը: 

Առհասարակ քանդակագործության մեջ միտքը արմատական տեղ է զբաղեցնում, և բավական չէ տեսնել փայլուն աշխատանք: Նկատած կլինեք, երբ նայում եք քանդակը՝ առանց իմանալու դրանում ամփոփված միտքը, այլ զգացողություն եք ունենում, երբ արդեն բացատրում են, թե քանդակագործն ինչ է ցանկացել ասել, քանդակն ասես կենդանանում է, դառնում շատ ավելի կարևոր մի բան, քան էր: Էրիկի առաջին քանդակն ասես իր անձնական պատումը լինի, քանի որ նշում է, որ քանդակելիս դուրս է թափում ապրումները, քանդակին հանձնում իր խնդիրները, արտահայտում անբացատրելին: 

«Առաջին քանդակում կրիան մեջքի վրա ընկած է, չի կարողանում վեր կենալ: Երբ կրիային թեքում ես որոշակի անկյան տակ, նկատում ես, որ մարդ է՝ ընկնելիս, բայց ի տարբերություն կրիայի, մարդը կարող է վեր կենալ: Կրիան կարող է ընկնել ու չմեռնել, որովհետև նրա պատյանը ամուր է, իսկ մարդը կարող է ընկնել ու մեռնել, բայց եթե չմեռավ, նա միշտ վեր կենալու հնարավորություն ունի և ունի հնարավորություն կրիային օգնելու, որ ապրի»: 

Ցանկացած միտք, որ հղանում է գլխում, միանգամից գրի է առնում: Պատահում է, որ գիշերն արթնանում է, որովհետև քանդակի միտքը եկել ու իրեն հանգիստ չի տալիս: Իր օրը հիմա սկսվում է մարզադահլիճում պարապելով, շարունակվում արվեստանոցում, հետո ընկերների հետ. հիմնականում ճամփորդում է Հայաստանով: Տևական ժամանակ է, ինչ դահուկասպորտով է զբաղվում, որն իր համար ավելին է, քան պարզապես լավ մարզավիճակ պահելու հնարավորություն: 

«Դահուկասպորտում ադրենալին ու վախ կան, որ պիտի կառավարես, որովհետև վայրէջքի ժամանակ գուցե ընկնես, չկարողանաս քեզ տիրապետել: Դահուկը սովորեցնում է ճանաչել ինքդ քեզ, վստահել քեզ, դահուկը ազատություն է»: 

Սպորտը նրան օգնում է էներգիան սպառել, կարգուկանոն սովորել, ասում է, որ դպրոցական տարիներին շատ չարաճճի էր՝ բակի կռիվներին էր մասնակցում: Այդ ժամանակ չկար այժմյան գիտակցումը, որ կյանքը կարևոր է:  

«Պատերազմից հետո հասկացա, որ պիտի գնահատել կյանքը, դիմացինինը՝ ավելի շատ: Երբ պատերազմում տեսնում ես, որ մարդիկ օգնություն են կանչում, ու չի գալիս, գիտակցում ես, թե ինչ նշանակություն ունի կյանքը»: 

Պատերազմը ոչնչացնելու մասին է, ու Էրիկը, որ պատերազմ է տեսել, որոշել է կյանք տալ, ու ինչ էլ լինի՝ վեր կենալ:  

Կուշանե Չոբանյան

Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am