Ջերմուկ քաղաքում միայնակ ապրող 76-ամյա Արփիկ Ենոքյանին մայիսի 14-ին տանը մահացած են գտել: Կնոջ զավակներն արտերկրում են, թոռը՝ ժամկետային ծառայության մեջ : Արփիկի որդին՝ 53-ամյա Արսեն Խաչատրյանը դեպքի կապակցությամբ մայիսի 16-ին Ռուսաստանից եկել է Ջերմուկ: Արսենը մեզ հայտնեց, որ տնից գողացել են սեյֆում պահված ոսկեղենը, մոր վզի շղթան,ականջօղերը, սեյֆում եղած 1000 եվրոն, 15 հազար ռուսական ռուբլին եւ դրամ, որի չափը ինքը չգիտի: Անհետացել են նաեւ կնոջ եւ թոռան բջջային հեռախոսները, խաղամիջոց-համակարգիչը, բնակարանի եւ սեյֆի բանալիները: Որդու խոսքերով՝ մոր ձեռքի մատանին չեն կարողացել հանել, կնոջ այդ ձեռքին կապտուկներ կան: Արփիկ Ենքոյանի կողքին բարձ է դրված եղել, ատամի պրոթեզը եղել է ջարդված :